Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 10-ից սպառնալիքներ է ստանում: Տեղեկացրել է ոստիկաններին՝ զանգում են փակ համարից, սպառնում իր տուն մտնել:
Էդմոն Մարուքյան (ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Խորհուրդ չեմ տա որևէ մեկին գալ մեր տան վրա, որովհետև սաղ-սալամաթ չի գնալու:
Պատերազմի հանգամանքները քննելու համար «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով: Դա չի լինի քննիչ հանձնաժողով, կուսումնասիրեն նախապատերազմյան դեպքերը, ինչպես հասանք պատերազմին, ընթացքն ու վերջը, թե ինչ եղավ ստորագրված հայտարարությամբ:
Էդմոն Մարուքյան - Դրա շրջանակներում ամեն մի զոհված զինվորականի, ամեն մի կորած զինվորականի, ամեն մի գնդի, ստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը՝ ամեն բան պետք է նախապատրաստվեն, և իմանանք, թե ինչ է կատարվել:
«Բարգավաճ Հայաստանից» հերքեցին, թե Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հայտարարության հասցեատերն իրենք են: Սերգեյ Նարիշկինը նշել էր, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:
Շաքե Իսայանը հորդորեց հայտարարության տեքստում ինտրիգներ չփնտրել և չփորձել «Բարգավաճի» ու Ռուսաստանի միջև սեպ խրել: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ռուս պաշտոնյայի խոսքն ուղղված է այն ուժերին, որոնք սպասարկել են արևմտյան շահը:
Միքայել Մելքումյան (ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Մեզ ուղղված չի, մենք ասում ենք՝ եղել է պարտություն, արձանագրում ենք դա:
Հոկտեմբերի 19-ին, 20-ին, Պուտինի և Ալիևի համաձայնությամբ եղել է առաջարկ՝ թույլ տալ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ: Վարչապետը հրաժարվել է հանձնել Շուշին, քանի որ մտածել է՝ կունենանք ռազմական հաջողություն: Բայց դա չեղավ: Հետևաբար այլ տարբերակ, ըստ իշխող խմբակցության, չկար: Նազարյանի խոսքով՝ հայկական կողմը համաձայնել է հանձնել Շուշին, քանի որ հայկական տիրապետության տակ ադրբեջանցիներով քաղաք ունենալը անհեռանկարային կլիներ:
Լենա Նազարյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Հոկտեմբերի 19-20-ին, եթե Հայաստանն ու Արցախը համաձայնվեին, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք:
Թեև ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են ռազմական դրության վերացման և վարչապետի հրաժարականի համար արտահերթ նիստ հրավիրել, դրա անհրաժեշտություն «Իմ քայլը» չի տեսնում: Ըստ Լենա Նազարյանի` հենց վարչապետն է կայունացնող գործոնը՝ հիշեցրեց՝ ինչպես վարչապետը երեկ հանդիպեց Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին և խնդրեց դադարեցնել հավաքը: