Արցախյան խաչ-խորան, թռչնաբուն ու նշագորգերի նկատմամբ գնորդների հետաքրքրությունը կտրուկ բորբոքել է «Ղարաբաղ կարպետի» ֆեյսբուքյան գրառումը, որ պատերազմի պատճառով իրենց 100 աշխատող անգործ է մնացել, որ Շուշիի վարպետները զրկվել են և՛ արտադրամասից, և՛ տուն-տեղից: Մարդկանց գոնե վարձատրելու համար ապրանքը 30 տոկոս զեղչում են, խնդրում գնել: Հայտարարությանն արձագանքել են՝ ընդհուպ Նահանգներից ու անմիջապես ձեռք բերել երևանյան խանութի զարդ՝ Վահան այս գորգը:
Սվետլանա Ագիյան («Ղարաբաղ կարպետ» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում) - 3 մետրը 2.30-ի վրա, գինը՝ 1 մլն 690 հազար դրամ, ամենաթանկն է, բայց վաճառված է: Ամերիկա է գնալու:
Սփյուռքից թե Հայաստանից երկուշաբթիից այնքան հաճախորդ են ունեցել՝ ամենաուշը 2 օրից արցախցի գորգագործները կստանան սեպտեմբերի աշխատավարձը, վստահեցնում է Ղարաբաղ-Կարպետի տնօրենը:
Սևակ Խաչատրյան («Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն) - Այսպես որ շարունակվի, մենք հավանաբար վաղը օրվա վերջին կամ մյուս օրը կկարողանանք մարդկանց վարձատրել: 70 տոկոսը մեր աշխատավարձի ֆոնդի արդեն հավաքվել է:
Արծիվ-վիշապ-օձ նախշերով տեսականին այցելուներին դիմավորում է խանութ չմտած: Գորգերն ու կարպետները որքան էլ խիտ են փռած հատակին, մարդիկ փորձում են սրբության պես հանկարծ չտրորել: Նայում, նայում են, չգիտեն՝ որն առնել, որը՝ թողնել: Նպատակը Շուշիից մասունք ունենալն է, պարզապես գորգ տուն տանելը չէ:
Անուշ Պալյան - Մտադրություն չունեինք, բայց միտք տվեց, որ գուցե ունենանք:
Շուշիում շատ է քայլել, բայց երբեք չի մտածել՝ հուշանվեր-հիշատակ գնելու մասին՝ անկեղծանում է իր ընտրությունը կատարած սարուխանցի երիտասարդը: Վստահ՝ բերդաքաղաք էլի զբոսանքի է գնալու:
Վալտեր Խեկոյան - Ոնց էլ լինի, Շուշին վերադարձնելու ենք:
Գների պատճառով չկողմնորոշվող այցելուներին՝ խանութում արցախյան գորգերի պրինտով այլ ապրանքներ էլ են առաջարկում:
Շարֆերը մետաքսյա են՝ 23 հազար, սփռոցները գաբարդինից են՝ 45. 65, 70 հազար՝ տարբեր չափսերի:
Երկար ընտրությունից հետո ծիծաղող երանգներով կարպետ ընտրեցին Պետրոսյանները: Ծալելիս խորհուրդ տվեցին՝ «կգցեք գետնին»: Երբեք՝ ասաց երիտասարդ տանտիկինը. հյուրասենյակի պատից են կախելու՝ որպես ամենապայծառ ու գունավոր քաղաք Շուշիի իրենց բաժին հուշը:
Արա Պետրոսյան - Մտածում էի՝ Նիկոլ Դումանի Ծաղկաշեն գյուղից գնենք, այնտեղ 100-150 տարվա գորգեր կան, բայց հիմա երկուսը մեկում համընկավ:
Կարպետները զեղչված չեն. ի տարբերություն գորգերի, որ գործել են ու դեռ կգործեն ձեռնարկության նաև Ստեփանակերտի ու Ճարտարի արտադրամասերում, կարպետ միայն Շուշիի վարպետներն են հյուսել: Վերջին նմուշներն են՝ հեծկլտոցը մի կերպ զսպելով հիշում է ընկերության արտադրության պետը:
Հասմիկ Մխիթարյան («Ղարաբաղ կարպետ» ընկերության արտադրության պետ) - Կարպետներն ընդհանրապես գործվել են Շուշիի արտադրամասում:
Ո՞վ կմտածեր՝ այսպես է լինելու, որ գոնե հաստոցները հանեին արտադրամասից՝ ասում է վերջին օրերին անընդհատ «ինչո՞ւ ամեն ինչ նրանց թողեցիք» մեղադրանքը լսող ընկերության ղեկավարը:
Սևակ Խաչատրյան - Մենք համոզված էինք, որ Արցախի ամենաապահով տեղը Շուշին է, նույնիսկ մտածում էինք Ստեփանակերտից, որտեղ շատ էր ռմբակոծվում, տեղափոխենք այնտեղ ու ամեն ինչը հաստոցներով, հումքով մնաց այնտեղ:
Ծանր այս փուլն անցնի, նախատեսում են ոչ թե զեղչով, այլ աճուրդով վաճառել Շուշիում գործած վերջին գորգերը: Վերջին խմբաքանակը վարպետները դազգահներից կտրել ու Ստեփանակերտ լվանալու էին ուղարկել սեպտեմբերի 22-ին: