1991 թվականից Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ը աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը բևեռել շաքարային դիաբետի հիմնախնդիրներին և բարձրացնել բնակչության իրազեկվածությունը հիվանդության վերաբերյալ:
Ինչպես Հայաստանի, անպես էլ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության համակարգերի գերակա խնդիրներից են` բարելավել ՇԴ հիվանդների բուժման արդյունավետությունը, կանխել բարդությունների առաջացումը, ներդնել դիաբետիկ ռետինոպաթիայի սքրինինգային ծրագրեր` կանխելով ՇԴ հիվանդների տեսողության խանգարումը և կորուստը:
Նոյեմբերի 18-ին ԱԿՀ կողմից կազմակերպված դիաբետիկ ռետինոպաթիաների սքրինինգների իրականացման վերաբերյալ համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը (Country story Armenia):
ԱՀԿ կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն` աշխարհում.
-
ՇԴ հիվանդների 1/3 մոտ առկա է դիաբետիկ ռետինոպաթիա
-
ՇԴ հիվանդների թիվը 1980 թվականի 108 միլիոնից 2014 թվականին հասել է 422-ի,
-
18-ից բարձր տարիքի բնակչության շրջանում ՇԴ տարածվածությունը 1980 թվականի 4.7 %-ից 2014-ին հասել է 8.7 %-ի,
-
ՇԴ տարածվածությունը զգալիորեն արագ է աճում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում,
-
ՇԴ կուրության, երիկամային անբավարարության, սրտամկանի ինֆարկտների, ինսուլտների, ստորին վերջույթների անդամահատման հիմնական պատճառներից է,
-
առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի պահպանումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը կամ հետաձգել դրա առաջացումը:
Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ, որը հիմնականում պայմանավորված է բնակչության ռիսկային վարքագծով և մի շարք այլ գործոններով` վաղ հայտնաբերման, բուժման և այլն:
2019 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 96580 (3206.1 ըստ 100 000 բնակչի), կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդների թիվը կազմել է 10098 (340.9), մահվան դեպքերը` 524 (17.7):
COVID-19 տվյալները փաստում են, որ հիվանդության ընթացքը և այդ հիվանդությունից մահացածների գերակշռող մասի մոտ առկա են եղել ուղեկցող հիվանդություններ` սրտանոթային հիվանդություններ և ՇԴ:
Համավարակի պայմաններում ՇԴ հիվանդներն ավելի վտանգված են այդ հիվանդության ծանր ընթացքի` բարդությունների առաջացման և ելքի տեսակետից և խուսափում են դիմել բժշկական հաստատություններ գանգատների դեպքում, ինչն անթույլատրելի է, ավելին` անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: