Հոկտեմբերի 19-ին և 20-ին հեռախոսազրույցներ եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ընդհանուր առմամբ, ինձ թվում էր՝ կրակի դադարեցման պայմանավորվածություններ էինք ձեռք բերել, բայց, ցավոք, չստացվեց: Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իրավիճակն այնպես դասավորվեց, ինչը կարելի էր կանխատեսել` Ադրբեջանի զինված ուժերը հսկողության տակ վերցրին Շուշին: Փաշինյանն արդարացիորեն ժողովրդին դիմեց և ասաց, որ իրավիճակը ծայրահեղ էր հայկական կողմի համար: Ժամանակի հարց էր․ Ադրբեջանը կարող էր վերցնել նաև Ստեփանակերտն ու առաջ շարժվեր, ուստի, այդ պայմաններում հայկական կողմին ձեռնտու էր, որպեսզի ռազմական գործողություններն անհապաղ դադարեցվեին»,- ասել է Պուտինը:
Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, նա նշել է, որ Արցախի չճանաչված լինելը նույնպես դեր է խաղացել հակամարտության ձգձգման հարցում:
«Պետք է ուղիղ ասեմ: Վրաստանի նախկին հանցավոր ղեկավարության կողմից Հարավային Օսիայում, մեր խաղաղապահների ուղղությամբ հարվածներ հասցնելուց հետո, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Մենք նաև արդարացի համարեցինք Ռուսաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունը և ընդառաջեցինք: Մենք դա արեցինք բաց»,- նշել է ՌԴ նախագահը:
«Հավաքական անվտանգության պայմանագիրը նախատեսում է փոխօգնություն պայմանագրի մասնակից երկրի տարածքների դեմ ագրեսիայի դեպքում: Ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի նկատմամբ, և դա իրավունք չէր տալիս ուղղակիորեն մասնակցել այդ ռազմական գործողություններին:
Բայց, հավաստիացնում եմ Ձեզ, որ Հայաստանն իրեն լքված և մոռացված չի զգացել․ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա: Ռուսաստանի Դաշնությունը, բազմակողմ և երկկողմ պարտավորությունների շրջանակներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ամբողջությամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները: Ինչի համար Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս շնորհակալություն է հայտնել և ընդգծել է, որ Ռուսաստանը, իր պարտավորությունների համաձայն, կատարում է այս ոլորտում բոլոր պարտավորությունները»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, դա նրա համար կլինի ինքնասպանություն: «Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, բայց նա նկարագրել է իրական պատկերը, դեպքերի իրական դասավորությունն այնպես, ինչպիսին որ այն կար մեր եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, և այնպես, ինչպիսին որ կա այսօր: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Նա ասել է շատ ճիշտ, անկեղծ»:
Նա միաժամանակ նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ հետևե՞լ պայմանավորվածություններին, թե՞ ոչ, բայց պարտավորությունների չկատարումը, Պուտինի խոսքով, կլիներ հսկայական սխալ: «Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, դա մեր գործը չէ, Հայաստանի գործն է: Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, իրավունք ունի որոշելու իր ներքին գործերը, ինչպես հարկն է»,- նշել է նա: