Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքը սպասարկող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում և դրանց դիսպետչերական կետերում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։
Տեղում պարզվել է՝ արդյոք վարորդներին տրամադրվո՞ւմ են դիմակներ և ախտահանիչներ։ Հընթացս ստուգվել է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
Վերահսկողական աշխատանքների շրջանակում կանգառներում՝ ընթացքի պահին և երթուղիների վերջին կետերում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։
Վերահսկողական աշխատանքները մեկնարկում են վաղ առավոտյան, ընթանում նաև երեկոյան, երբ ուղևորահոսքը համեմատաբար ավելի խիտ է։
Ստուգայցի ընթացքում ուղևորափոխադրող ընկերությունների մոտ շարունակում են արձանագրվել մի շարք խախտումներ, այն է՝ որոշները տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչներ, վարորդներին չեն ապահովում դիմակներով, ախտահանման աշխատանքները թերի են, դրանց վերաբերյալ նշումներ չեն կատարվում գրանցամատյաններում։
Հաճախակի են դեպքերը, երբ վարորդներն ու ուղևորները դիմակ չեն կրում կամ ճիշտ չեն կրում։ Որոշ՝ տեղում շտկվող խախտումների դեպքում տրվում է դրանք անհապաղ վերացնելու ցուցում։ Արձանագրված առավել կոպիտ խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։
ԱԱՏՄ աշխատանքային խմբերը դիտարկել են նաև Երևանի քաղաքապետարանի պատվերով երթուղայինների սրահներում օրվա որոշակի ժամերի ընթացիկ ախտահանում իրականացնող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ աշխատանքները։ Դրանք ևս բավարար չեն, արձանագրվել են թերություններ։
ԱԱՏՄ ստուգայցերը հանրային տրանսպորտի ոլորտում շարունակական են: