ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությանն, ասել է, որ ամենակարևորը, ինչին հնարավոր է եղել հասնել, արյունահեղության դադարեցումն է։ «Սա ֆիլմ չէ, այլ ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում՝ կոնկրետ մարդկանց ու կոնկրետ ընտանիքների հետ»։
«Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, մեզ պետք կլինի վերհիշել պատմությունը։ Ստիպված եմ հիշեցնել՝ այս ամենն սկսվել է դեռ հեռավոր 1988 թվականին, երբ սկսվել կամ տեղի են ունեցել էթնիկ բախումներ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում։ Այդ ժամանակ տուժել է հայկական քաղաքացիական բնակչությունը, այնուհետև իրադարձությունները տարածվել են Լեռնային Ղարաբաղում։ Այն ժամանակվա Խորհրդային Միության ղեկավարությունը պատշաճ չարձագանքեց տեղի ունեցող իրադարձություններին»,- ասել է Վլադիմիր Պուտինը: «Չէ՞ որ անհրաժեշտ էր պաշտպանել մարդկանց, քաղաքացիական բնակչությանը։ Դա չի արվել, և այդ ժամանակ հայերն իրենք վերցրել են զենքն ու սկսվել է այդ երկարաձիգ, երկարատև հակամարտությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ հակամարտությունը հանգեցրեց նաև նրան, որ 1991 թվականին Ղարաբաղը հռչակեց անկախությունը: 1994 թվականին ստորագրվեց Բիշքեքի հուշագիրը, որը դադարեցրեց մարտական գործողություններն այդ ժամանակահատվածում։ «Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի 7 հարակից շրջաններն անցան հայերի վերահսկողության ներքո»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ղեկավարը կարևորել է այն, որ այժմ մարտական գործողությունները դադարեցվել են։
«Տնտեսական կապերի վերականգնումը, իմ կարծիքով, շատ կարևոր է, և այն ստեղծում է հարաբերությունների երկարատև կայունացման լավ հիմք»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ։ Ռուսաստանի ղեկավարն ասել է՝ պայմանավորվել են, որ պահպանվում է ստատուս քվոն, իսկ, թե ինչ կլինի առաջիկայում, պետք է որոշել: Նա նշել է, թե կարգավիճակի ապագան կորոշեն ապագայի ղեկավարներն ու այդ գործընթացի մասնակիցները։
Անդրադառնալով Արցախ տեղափոխվող տարհանված բնակիչներին, Պուտինը կարևոր ու զգայուն հարց համարեց դա՝ նշելով, որ հենց այդ մարդկանց անվտանգության ապահովման համար է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել:
Անդրադառնալով նրան, թե պետք է Ադրբեջանին վերադարձվեին 5, իսկ հետո նաև 2 շրջանը, Պուտինն ասել է, որ 2013 թվականին Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանը ձևակերպել էր պայմաններ, որոնք, իր կարծիքով, կարող էին դրվել խաղաղ գործընթացի հիմքում, և դրան Միսնկի խմբի բոլոր մասնակիցները համաձայնել և աջակցել են։
Գաղափարն այն էր, որ առաջին փուլում վերադարձվեն 5 շրջանը, իսկ հետո՝ նաև 2 շրջան, պետք է ստեղծվեր միջանցք, որը կմիացներ Հայաստանն ու Արցախը, պետք է լիներ ստատուս քվոյի ճանաչում՝ առանց ֆիքսելու Արցախի վերջնական կարգավիճակը: Պուտինի խոսքով՝ այդ հիմքով մի քանի անգամ կողմերը եկել են վերջնական որոշման, բայց ոչինչ չի ստացվել։ Նա ասել է, որ եթե կողմերը կարողանային հասնել համաձայնության, պատերազմ չէր լինի։