Россия 24 հեռուստաալիքի եթերում լրագրողը հետաքրքրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, թե որ պահին փաստաթուղթը դարձավ այնպիսին, ինչպիսին մենք այն հիմա տեսնում ենք։
ՌԴ նախագահի խոսքով՝ դա բավականին բարդ, էներգիա խլած գործընթաց է եղել՝ եռակողմ խորհրդակցությունների արդյունքում։ Ըստ էության՝ ինքը ստանձնել էր միջնորդի դեր, երբ խոսում էր երկու երկրների ղեկավարների հետ, կատարում տեքստային ինչ-որ փոփոխություններ, կապ հաստատում մյուս կողմի հետ, լսում կողմերի ցանկություններն ու պահանջները, հետո խորհրդակցում մյուսի հետ՝ այդ դրույթների ընդունման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դա աշխատանք էր, որում հավասարաչափ ներգրավված են եղել բոլոր կողմերը։ Լրագրողի ճշտող հարցին՝ փաստաթուղթը հենց այդ օրն է քննարկվե՞լ, թե՞ նախօրոք, Պուտինն ասել է՝ հենց այդ օրը։
«Վերադառնամ նրան, թե ինչ է ասել վարչապետ Փաշինյանը՝ ռազմական գործողությունների գոտում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ ․․․ Ուղիղ կասեմ՝ բանակը այնպիսի սահմանագծի էր մոտեցել, որ անհրաժեշտ էր որոշում կայացնել»։
Պուտինը նկատում է՝ այդ պայմաններում երկու կողմից իսկական պայքար էր ընթանում ամեն արտահայտության, անգամ ստորակետի համար։ Հարցին՝ այդ օրը ՌԴ նախագահը հեռուստակամրջի միջոցով կապվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Փաշինյանը չկար, ինչո՞ւ, ՌԴ նախագահը պատասխանել է՝ այդ մասին պետք է հարցնել ՀՀ վարչապետին.
«Հնարավոր չի համարել, անհրաժեշտ չի համարել։ Կարևորն էությունն էր՝ մեր պայմանավորվածությունը»։
Լրագրողի դիտարկմանը, թե շատ են խոսում՝ կատարվածին հանգեցրել է ՀՀ ղեկավարության դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, Պուտինը պատասխանել է՝ չի հասկանում, թե ինչ նկատի ունեն։
Նրա խոսքով՝ ինքը կարծել և կարծում է՝ երկիրը, որը բավական բարդ իրավիճակում է, ռազմական գործողությունների շեմին, չի կարող իրեն թույլ տալ ներքին քաղաքական կյանքն ու իշխանությունը կազմակերպել փողոցի միջոցով։ «Լավ բանի դա չի հանգեցնի, հասարակության անջրպետը ոչ մի լավ տեղ չի տանում։ Հարկավոր է կոնսոլիդացնել հասարակությանը, ոչ թե փլուզել։ Իմ դիրքորոշումը բոլորը գիտեն։ Ես չեմ ամաչում այդ մասին բարձրաձայնել, հիմա էլ այդ մասին ասում եմ հրապարակավ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր հարաբերությունների վրա։ Այո՛, ես նախկին իշխանությունների հետ ունեցել եմ բարեկամական հարաբերություններ, ես դա երբեք չեմ թաքցրել, սակայն դա չի ազդել միջպետական հարաբերությունների վրա։
Մեր միջև վստահելի, կառուցողական հարաբերությունններ են հաստատվել, այդ պատճառով էլ այդ ակնարկները չեմ հասկանում, և երկրորդ, որը շատ ավելի կարևոր է՝ այդ երկրի ժողովուրդն է»,- մանրամասնել է ՌԴ նախագահը։
Ըստ նրա՝ Ռուսաստանին և հայերին միավորում են բազմադարյա հարաբերությունները։ «Մեր հարաբերությունների հիմքում մշակութային, հոգևոր մերձեցումն է, պատմականորեն մեզ շատ բան է միավորում։ Եվ դա ավելի կարևոր է, քան կոնկրետ անձերի միջև հարաբերությունները։ Մենք հիշում ենք այդ մասին, երբեք չենք մոռանում, և դա է ընկած Հայաստանի հետ մեր փոխհարաբերությունների հիմքում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։