Լիսագոր-Շուշի ճանապարհահատվածը ռուս խաղաղապահները պայմանականորեն են անվանում «վտանգավոր գոտի», քանի որ այն պատերազմից հետո վերահսկել են ադրբեջանական զինված ուժերը։ Այժմ Գորիսից Ստեփանակերտ կարելի է հասնել առանց որևէ խոչընդոտի` զինվորականների ուղեկցությամբ։ Ճանապարհը երկրորդ օրն է, ինչ գործում է: Հոսքն առայժմ փոքր է, սակայն ժամ առ ժամ ավելանում է։ Այս քաղաքացիները Ստեփանակերտ են ուղևորվում Քաջարանից։ Ռուսական կողմից ստացել են անվտանգության երաշխիքներ։
Ճանապարհին` յուրաքանչյուր երկու-երեք կիլոմետրի վրա, տեղակայված են անցակետեր։ Ստուգում են փաստաթղթերը, ինչպես նաև մեքենաների բեռնախցիկը։ Միջանցքը գործելու է միայն քաղաքացիական անձանց համար։ Թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմը իրավունք չունեն տեղափոխել զրահատեխնիկա, զինամթերք և զինվորականների։ Ադրբեջանական զինուժին ամբողջ ճանապարհին կարելի է նկատել միայն Շուշիի մոտակայքում, Քարինտակ տանող ճանապարհին, ինչպես նաև Շուշիի հայտնի խաչմերուկում։ Ադրբեջանական ազգային դրոշի կողքին ամրացված է նաև թուրքականը։
Ռուս խաղաղապահները տեղեկացնում են, որ հակամարտության երկու կողմն էլ պահպանում են պայմանավորվածությունները, և Շուշիի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերից սպառնալիք չկա։ Դրանում գործնականում համոզվելու համար կպահանջվի ժամանակ։ Սակայն մի քանի օրից այս միջանցքը Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհն է լինելու։ Նոյեմբերի 25-ից հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Քարվաճառից։ Այդպիսով, Արցախի հյուսիսի մայրուղին նույնպես անցնելու է հակառակորդի վերահսկողության ներքո։ Իսկ Լաչինի միջանցքի անցանելիությունը պետք է ապահովի ռուսական կողմը։
Արցախում այս պահին կա մի քանի հազար ռուս զինվորական։ Նրանք տեղակայված են Հյուսիս և Հարավ գոտիներում, ըստ էության Արցախի վերահսկողության ներքո մնացած բոլոր տարածքներում։ Եվգենին Մարի-էլ քաղաքից է։ Հարցերին պատասխանում է զինվորականին բնորոշ ոճով՝ կարճ և կոնկրետ։
Իրավիճակի կարգավորմանը զուգահեռ Արցախ են վերադառնում խաղաղ բնակիչները։ Միայն երեկ 500 քաղաքացի է տեղափոխվել Ստեփանակերտ։ Հերթական խմբին սպասում են նաև այսօր։