ԱՄՆ նախկին գլխավոր վիրաբույժ, Բայդենի COVID-19 աշխատանքային խմբի համանախագահ Վիվեկ Մուրթին խորհուրդ է տվել Դոնալդ Թրամփի թիմին՝ չհրաժարվել Բայդենի խորհրդատուների հետ իշխանության փոխանցման հարցով հանդիպումից և համագործակցությունից, քանի որ դա կարող է վնասել համաճարակին դիմակայելու գործընթացին, նույնիսկ հաջորդ տարի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ամերիկյան առաջատար լրատվամիջոցներին:
Բացի դրանից՝ երեքշաբթի բժիշկների և բուժքույրերի մի քանի ասոցիացիա հրապարակել է համատեղ նամակ, որում կոչ են արել Թրամփի վարչակազմին Բայդենի թիմին փոխանցել COVID-19-ի վերաբերյալ կարևոր տվյալներ, հատկապես, սարքավորումների, բժշկական պարագաների պաշարների և հիվանդանոցային մահճակալների հնարավորությունների մասին:
Ներկայումս անցումային փուլը անորոշ վիճակում է, քանի որ Թրամփն ու նրա դաշնակիցները հրաժարվում են ընդունել պարտությունը և համառորեն վիճարկում են նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքները: Ըստ լրատվամիջոցների՝ դա բարդացնում է COVID-19-ի համաճարակի դեմ համատեղ պայքարի գործողությունները, իսկ կորոնավիրուսից ԱՄՆ-ում արդեն զոհվել է ավելի քան 247,000 մարդ: