Պատերազմի առաջին տասնօրյակում շինարարության տեմպերը բավականին ընկել էին՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բայց մեր աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ այն տեխնիկական միջոցներով, որոնք մնացել էին, շինարարությունը շարունակել: Հիմա շարունակվում են այն տեղերում, որտեղ շինարարությունը կանգնեցվել էր՝ ելնելով անհրաժեշտությունից, որովհետև նաև եղանակն է թույլ տալիս:
Մեծ մասամբ կարող եմ ասել, որ շինարարության հիմնական հատվածը կատարվել է: Խոսքը մեր կապիտալ շինարարության այն հատվածների մասին է, որոնք նախատեսված էին մեր ներքին միջոցներով: Շարունակվել է խնդրահարույց մնալ վարկային միջոցներով մի հատվածը: Այսինքն՝ այն ուղղությունները, որոնք կորոնավիրուսով պայմանավորված կանգ էին առել, այդ ուղղություններում մեծ փոփոխություն չի եղել: Բայց ջրամբարաշինության, նաև ճանապարհաշինության մի քանի ուղղություններով՝ վարկային միջոցներով, մենք առաջընթաց ունենք»,- նշեց Պապիկյանը:
Արցախում բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ ջանք ու եռանդ չենք խնայելու՝ եզրափակեց նախարարը: