ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամանակ, ասաց, որ նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը անհայտ կորածներին հայտնաբերելու համար սերտորեն համագործակցում է Կարմիր խաչի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ:
«Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են, ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել: Մենք նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն, բայց, ըստ երևույթին, նաև կլինեն որոշակի շտկումներ զուտ հիմնադրամի հնարավորությունից և պետբյուջեի օգտվելու հնարավորություններից»,- հավելեց նախարարը:
Տոնոյանի խոսքով՝ ամեն ինչ արվել է, որ այն ընտանիքները, որոնք ունեն կորուստներ, ստանան ինչպես պետական, այնպես էլ հիմնադրամի աջակցությունը:
«Շատ յուրահատուկ իրավիճակ է: Մենք ամեն ինչ անում ենք, որ փոփոխություն կատարվի նաև օրենքի հետ կապված հարցերում, բայց կարծում եմ՝ Կառավարության որոշումներով մենք խնդիրները կշտկենք»,- ասաց Դավիթ Տոնոյանը: