Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Նիկոսիայում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Միայն հաղթանակն էր Հայաստանի հավաքականին խմբում առաջին տեղը գրավելու հնարավորություն տալիս:
Առաջին խաղակեսից հետո խաղատախտակին զրոներ էին, իսկ ընդմիջումից հետո՝ 55-րդ րոպեին, Հովհաննես Համբարձումյանն առաջ մղեց մեր ընտրանուն: Ինչպես պարզվեց, դա հանդիպման միակ գոլն էր: Հյուսիսային Մակեդոնիայի՝ խաղը փրկելու ջանքերն ավարտվեցին անհաջողությամբ:
1:0, և Հայաստանի ազգային ընտրանին Ազգերի լիգայի՝ C լիգայի 2-րդ խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականն ու նվաճում հաջորդ խաղարկությունում՝ B լիգայում, հանդես գալու իրավունք: Խոակին Կապառոսի սաները մրցաշարային աղյուսակն ամփոփում են 11 միավորով՝ 6 խաղում տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 9 միավորով, վրացիները 7 միավորով 3-րդն են, Էստոնիայի հավաքականը 3 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը: