Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել է, որ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել իրենց գրգռվածությունը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնագրի հանդեպ», տեղեկացնում է RIA Novosti-ն:
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները զայրացած են, որ պատերազմը դադարեցվեց Մոսկվայի միջնորդությամբ: Ի վերջո, սա, ըստ էության, «զրոյացրեց» Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղելու նրանց՝ երկար տարիների աշխատանքը»,- նշել է նա:
Ըստ Նարիշկինի՝ Վաշինգտոնը և Եվրոպան չեն ցանկանում համակերպվել տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռության հետ, ուստի Արևմուտքը հայ և ադրբեջանցի ազգայնականներին հրահրում է վարկաբեկել և խափանել Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը:
«Նրանք փորձում են համոզել հայերին, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պարտություն է Երևանի համար: Առաջ է մղվում «Պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ» գաղափարը: Ադրբեջանցիներին, հակառակը՝ ասում են, որ Կրեմլը գողացել է իրենց հաղթանակը, երբ ադրբեջանական բանակը մի քայլ էր հեռու Ստեփանակերտի գրավումից»,- ասել է նա: