Նոյեմբերի 17-ին Россия 24 հեռուստաալիքի եթերում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի կարգավիճակին, ինչպես նաև փախստականներին Շուշի վերադարձնելու՝ Ադրբեջանի նախապայմանին։
«Թվում էր, թե հարցն արդեն լուծել ենք, սակայն խոչընդոտներ էին առաջ գալիս, որոնք մենք այդպես էլ չկարողացանք հաղթահարել։ Արդյունքում, ամեն ինչ ավարտվեց արյունահեղությամբ։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ չէր քննարկվում։ Բոլոր կողմերը պետք է պայմանավորվեին, որ պահպանվում է ստատուս քվո։
Հոկտեմբերի 19-ին, 20-ին մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի հետ։ Այդ ընթացքում ադրբեջանական ԶՈւ-ն հսկողության տակ էր վերցրել հարավային տարածքներից մի փոքր մաս։ Ես կարողացա համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել մարտական գործողությունները, սակայն նա պահանջ ներկայացրեց՝ վերադարձնել փախստականներին, այդ թվում՝ նաև Շուշի։ Սակայն հայկական կողմի համար դա անընդունելի էր։
Եվ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ այդ քայլը վտանգներ է պարունակում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Նա հավելեց, որ չեն կարող այդ քայլին գնալ ու կշարունակեն պայքարել։ Այդ իսկ պատճառով Փաշինյանի հասցեին հնչած դավաճանության մեղադրանքները չունեն որևէ հիմք»,- նշել է Վլադիմիր Պուտինը։