Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հարաբերական կայունացում կա կորոնավիրուսի ամեն օր գրանցվող նոր վարակվածների թվերի մասով, սակայն ոչ հիվանդանոցում գտնվող քաղաքացիների:
«Դրական պատասխան ունեցող և ծանր վիճակում գտնվող պացիենտները բավական երկար են բուժվում: Այսինքն՝ շաբաթներ պետք է անցնեն, որ հիվանդանոցային օղակում էլ թերբեռնվածություն ունենանք: Սակայն պետք է հաշվի առնենք, որ իրավիճակը դրսում փոխվում է: Օրինակ՝ վերսկսվել են կրտսեր դպրոցի աշխատանքները, քննարկվում է միջին և ավագ դպրոցի աշխատանքների վերսկսման հարցը: Դրանք փոխում են ելակետային տվյալներն ինչ-որ պահից:
Օրինակ՝ եթե կրտսեր դպրոցը չբացվեր, և մենք ունենայինք շարունակական նվազում, կարող էինք արձանագրել, որ կայուն նվազում էինք արձանագրում: Բայց փոխվել է մի ելակետային տվյալ: Հետևաբար՝ պետք է տեսնենք, թե դա ինչպես է ազդում անկման կամ աճի վրա: Բայց վստահաբար կարող ենք ասել, որ առնվազն մինչև գարուն հակահամաճարակային կանոնները պետք է պահպանենք»,- նշեց Թորոսյանը:
Առավոտվա տվյալներով՝ 375 հոգի սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներ, նրանցից 150-ը տանն են, իսկ մնացածը՝ այլ բժշկական հաստատություններում՝ հայտնեց նախարարը: