Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց, որ ՀՀ-ում նոր իրողություններ են, և քաղաքական օրակարգը պետք է արտացոլի ներկայիս իրավիճակը։ Ասաց, որ դեռևս առջևում են բանակցություններ, հետպատերազմական գործընթացներ, և պետք է հասկանալ, որ ունենք անդառնալի կորուստներ, ինչի համար բոլորս ցավ ենք ապրում։ Էնֆիաջյանի խոսքով՝ պետք է կարողանան քաղաքական լուծումներով իրավիճակ փոխել։
«Առհասարակ համաշխարհային պրակտիկայում նման գործընթաց չկա, որ պարտված կառավարությունը, պատասխանատուները շարունակեն կառավարել։ Մենք գտնում ենք, որ նոր մարդիկ՝ նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով և նոր մոտեցումներով պետք է բեկում մտցնեն դիվանագիտական հարթակում, փոխեն ստեղծված ռիսկերը և նոր մթնոլորտ մտցնեն։
Հանրապետության նախագահի հետ չենք հանդիպել, բայց, ըստ էության, տեսնում եք, որ տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում նաև ՀՀ նախագահի կողմից հստակ մատնանշվել է այսօրվա ստեղծված իրավիճակը, և նախագահն էլ պահանջով և կոչով հանդես է եկել»,- ասաց Էնֆիաջյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ իրավասու չէ բացել ճանապարհային քարտեզը, որը քննարկվում է 17 քաղաքական ուժերի խորհրդի կազմում։ Ընդգծեց, որ իրենք ներկայացնում են այն, ինչը գտնում են, որ հրատապ է օր առաջ ներկայացնել։
«Այս ճանապարհային քարտեզի առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի ժամ առաջ հեռացումն է, որպեսզի մենք կարողանանք ռազմավարական մեր գործընկեր Ռուսաստանի հետ փրկել այն ականները, որոնք դրված են այդ համաձայնագրի տակ»,- ասաց Զոհրաբյանը։