Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացման սկզբից ի վեր համացանցի հայալեզու հատվածում գրանցվել է կեղծ օգտահաշիվների ակտիվության աճ, որոնց միջոցով տարածվել է ապատեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է համացանցում տեղեկատվության մշակմամբ, վերլուծությամբ ու մշտադիտարկմամբ զբաղվող DataLocator ծրագրի ղեկավար Էդգար Գրիգորյանը՝ փոխանցում է tvzvezda.ru կայքը:
«Ամեն ինչ սկսվեց ArmFriends հայկական սոցիալական ցանցում: Կարծես ինչ-որ մեկի հրամանով, տարբեր IP հասցեներից սկսեցին զանգվածաբար գրանցվել նոր հաշիվներ՝ իբր հայ օգտատերերի անունից: Սոցցանցերում այս հաշիվներից սկսեցին խուճապային տրամադրություններ հաղորդել»,- RT-ի հետ հարցազրույցում հայտնել է փորձագետը:
Շուտով որոշվեց վերլուծության ենթարկել ոչ միայն ArmFriends-ը, այլև Facebook-ը, Instagram-ը, Telegram-ը, ВКонтакте-ն, Одноклассники-ն: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ը հայտնաբերվել է 6498 կեղծ օգտահաշիվ: Պարզվել է, որ ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուրն Ադրբեջանն է:
«Առաջին տեղում Ադրբեջանն է՝ 31%, երկրորդ տեղում՝ Թուրքիան՝ 21%: Երրորդ տեղն անսպասելիորեն զբաղեցրել է Մեծ Բրիտանիան՝ գրեթե 19%»,- ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս աշխատանքն իրականացրել է արհեստական բանականությունը, որն անդադար տեղեկատվության աղբյուրներ էր որոնում, ինչպես նաև վերլուծում էր տարբեր Telegram ալիքները, սոցցանցերի օգտատերերի էջերը: Հատկանշական է, որ մեծ թվով կեղծ էջեր դեռևս ստեղծվել էին նախքան տարածաշրջանում ռազմական գործողությունները սկսվելը: