ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
«Սահմանին կանգնած զինվորն ու սպան վստահ են ու համարձակ, քանի որ թիկունքում ունեն հմուտ ու կոչմանը հավատարիմ ռազմական բժիշկներ:
ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 17-ին նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը: Ծառայելով կրկնակի՝ զինվորական և Հիպոկրատի երդման ներքո, ռազմական բժիշկներն իրենց ուսերին են կրում Հայրենիքի պաշտպանների առողջացման ու կյանքերի փրկության պատասխանատվությունը:
Շնորհավորելով ՀՀ և Արցախի սահմանամերձ տարածքներում ծառայող բոլոր ռազմական բժիշկներին՝ մաղթում ենք, որ մասնագիտական պարտքը կատարելիս լինեք անսասան: Սահմանին կանգնած զինվորն ու սպան վստահ են ու համարձակ, քանի որ թիկունքում ունեն հմուտ ու կոչմանը հավատարիմ ռազմական բժիշկներ:
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ պատերազմում ինչպես թիկունքում, այնպես էլ առաջնագծում ռազմական բժիշկների կատարած աշխատանքն անգնահատելի է. պատերազմի առաջին օրվանից շտապօգնության մեքենաները, զինվորական հոսպիտալներն ու հիվանդանոցները թիրախավորվել են թշնամական ուժերի կողմից:
Այս պայմաններում վիրավորներին առաջնագծում օգնություն ցույց տալը և այնտեղից դուրս բերելը եղել են կոչմանը հավատարիմ ռազմական բժշկի գլխավոր առաքելությունը և հանդիսացել բազմաթիվ կյանքերի փրկության գրավականը:
Հայրենիքի հանդեպ և մասնագիտական պարտքը կատարելիս ռազմական բժիշկների և նրանց ուղեկցող անձնակազմի կատարած սխրանքները բազմաթիվ են:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը շարունակում է կրթել և բուժծառայողների շարքերը համալրել ռազմական բժիշկներով:
Այս պատերազմում ռազմաբժշկական ֆակուլտետի մի շարք շրջանավարտներ, փրկելով բազմաթիվ կյանքեր, զոհել են սեփականը՝ բռնելով անմահության ճամփան:
Հարգելի՛ ռազմական բժիշկներ, բուժաշխատողներ, մաղթում ենք, որպեսզի ձեր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կիրառեք միայն խաղաղ պայմաններում, ձեզ բարի ծառայություն և անամպ երկինք:
Նշենք, որ հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մի շարք բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով»: