Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանը: Օրակարգում երկու հարց է՝ 2021 թվականի բյուջեի նախագիծը և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախի համար զոհված զինծառայողների հիշատակը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց արտահերթ նիստ գումարելու հարցը՝ եռակողմ հայտարարությունը քննարկելու վերաբերյալ:
ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, քվորում չի եղել, հետևապես, ըստ նրա, այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել քննարկել այդ հարցը:
«Հիմա եկել են, կարո՞ղ ենք քննարկել»,- հարցրեց Մարուքյանը:
«Ձեր առաջարկած նախագծից պարզ չէր՝ ի՛նչ պետք է քննարկվեր, եթե պատգամավորները բացակա էին, դա անգործություն և պատահականություն չէր, դա դիրքորոշում էր, հիմա բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- նշեց Նազարյանը:
Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի «Իմ քայլը» նախագահի ուղերձի մասին: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ «Իմ քայլի» պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի Լիլիթ Մակունցը:
Նաիրա Զոհրաբյանը ելույթում հայտարարեց, որ այս դահլիճում պետք է քննարկվեն միայն ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը, այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունենք: «Պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հեռացնել նրան իշխանությունից, ՌԴ-ի հետ քննարկել և փորձել փրկել հայտարարության տակ թաքնված ականները: Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքից հասցված ամենամեծ հարվածն էր»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը: