Այս փուլում, երբ մարդիկ դեռ վշտի մեջ են, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն անհնար է: Ազգային ժողովի փոխնախագահը թեև փակագծեր չի բացում, սակայն հավաստիացնում է՝ կառավարությունը քննարկում է տարբեր սցենարներ:
Լենա Նազարյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ)- Եթե քաղաքականության մեջ որևէ բան բացահայտ տեղի չի ունենում, դա չի նշանակում՝ ոչինչ տեղի չի ունենում: Քննարկումներ կան, խնդրում եմ՝ սպասեք:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսեց հանրապետության նախագահը:
Արմեն Սարգսյանի գնահատմամբ՝ դա անխուսափելի է երկիրը ցնցումներից զերծ պահելու համար:
Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից հետո փողոցային պայքար սկսած ընդդիմությունից շեշտում են՝ առաջնայինը ոչ թե արտահերթ ընտրություններն են, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Առանցքային հարց է բանակցողի փոփոխությունը:
Նաիրա Զոհրաբյան (ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)- Ճանապարհային քարտեզի առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է՝ ժամ առաջ հեռացումն է, որպեսզի կարողանանք մաքրել այն ականները, որոնք դրված են այդ համաձայնագրի տակ:
Պետք է ականջալուր լինել հանրային պահանջին՝ ուղերձում ընդգծում է հանրապետության նախագահը: Իշխանությունից հակադարձում են՝ ընտրությունների անցկացման հասարակական պահանջ չկա:
Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)- Հրապարակում երեկ, տարբեր հաշվարկներով, եղել է 2000-3000 մարդ, առաջին օրը՝ 5000, հետո նվազեց։ Արմեն Սարգսյանի կոչից հետո մարդիկ գրում, ասում էին՝ երկիրը Ռոբին, Սերժին չենք կարող թողնել:
Որևէ ընդդիմադիր ուժ չի պայքարում իշխանության համար՝ վստահեցնում են պայքարի դուրս եկածները: «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ այն անձինք, որոնք պատասխանատվություն կարող են ստանձնել գալ իշխանության, պետք է գիտակցեն՝ մեկնարկը ծանր է լինելու: Այդուհանդերձ, Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը:
Վահե Էնֆիաջյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ)- «Բարգավաճ Հայաստան»-ը իր չափաբաժնից չի խուսափել և հիմա էլ չի խուսափում: Սա մեկ կամ երկու ուժի պատասխանատվության հարց չէ:
Անցումային կառավարության ձևավորման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին մինչև Արմեն Սարգսյանի ուղերձը խոսել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը: էդմոնի Մարուքյանը «Լուրերին» ասաց, որ ըստ էության՝ Արմեն Սարգսյանն է միացել իրենց հայտարարությանը:
Հանրապետության նախագահն ակնկալում է, որ իշխող քաղաքական ուժը սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ կներկայացնի, որով կնախատեսվեն սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները: