Արցախցի բաբոները, հարսների ու երեխաների հետ՝ տան ճամփան են բռնել: Արցունքն աչքերին եկել են, այդպես էլ գնում են: Միակ սփոփանքը՝ ավտոկայանում համառորեն չքնող փոքրիկի... Ստեփանակերտի բնակարանը կա: Ապրելու տեղի խնդիր չունեն:
Դիմացը ձմեռ է, փշրված պատուհաններով տանն ինչպե՞ս են գիշերելու՝ շատերը չգիտեն: Բայց գնում են: Հանկարծ եթե գործի կանչեն, չկարողանա ներկայանալ՝ ուրիշի աշխատանքի կընդունեն՝ բացատրում է Ասկերանի Այգեստան գյուղի համայնքապետարանի մաքրուհին:
Ավերված տները պետությունը կօգնի վերանորոգել: Արցախում գործող օպերատիվ շտաբը հայտարարել է՝ ջարդված ապակիները փոխելու, տանիքի թիթեղի ու այլ շինանյութի հարցերով բնակչությունը կարող է դիմել քաղաքաշինության նախարարություն:
Տաք հագուստ, անկողնային պարագաներ տրամադրելու գործը դրված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա:
Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերն են զբաղվելու: Տեղում կհասկանան՝ ի՞նչի կարիք ունեն. հեռակա ճշտել են, որ տղայի տունը վնասվել է... ասում է տիկին Ռազմիկը:
Շատերը հարազատ-բարեկամ են կորցրել, այնպես որ, կենցաղային խնդիրներն աչքներին չի էլ գալիս: Կհասնեն-կտեսնեն՝ ի՞նչ վիճակում են իրենց շեները: Երևանից շարժվեն՝ Շուշիկը ժամերն է հաշվելու՝ Ստեփանակերտ մտնեն:
Արցախ վերադառնալու համար վաղ առավոտյան «Կիլիկիա» ավտոկայանում այնքան մարդ էր հավաքվել... նախատեսված 15 հատ 50-տեղանոց ավտոբուսը, պարզվեց, քիչ է:
Սպասողներին նորից հերթագրեցին: Երևանի քաղաքապետարանը ստիպված եղավ լրացուցիչ տրանսպորտի հարց լուծել:
Մարդկանց տունդարձին զուգահեռ՝ Արցախի տարածքային կառավարման նախարարությունն էլ սկսել է հաշվառել՝ հրթիռակոծության հետևանքով ավերված տների սեփականատերերին ու թշնամու վերահսկողության տակ մնացած շրջանների բնակչությանը, որ հիմա ապահովեն ժամանակավոր կացարանով: Հետո՝ տուն կառուցեն՝ 1.5-2 տարվա շինարարական ծրագրով: Տեղով ու հեռախոսով՝ 1000 մարդ արդեն գրանցվել է: Թիվն առաջիկայում կփոխվի՝ կանխատեսում է նախարար Միրզոյանը:
Փորձելու են գյուղերում ապրածներին՝ գյուղում, իսկ քաղաքաբնակներին, օրինակ՝ հադրութցիներին՝ Ստեփանակերտում տեղավորել: Հյուրանոցների հետ միասին Արցախում մտադիր են օգտագործել նաև դատարկ մնացող բնակֆոնդը: Նախարարությունը հայտարարել է տներ վարձակալելու մասին՝ երկուսենյականոցի համար Ստեփանակերտում 50 հազար դրամ է առաջարկում, շրջաններում հինգսենյականոցի համար՝ 70 հազար:
Առայժմ ընդամենը 10 մարդ է իր բնակարանն առաջարկել ծրագրի համար: Հուսով են՝ կշատանան: Եթե ընդհանուր վերադարձը 50-60 տոկոս լինի՝ ազատ տներ հաստատ մնալու են: