Դադիվանքը մենակ չէ: Տեր Հովհաննեսը, միաբաններ, եկեղեցականներ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայությունը:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Դադիվանքի վանահայր)- Ես դեռ էստեղ եմ...
Իջեցված զանգերը վերատեղադրվեցին, բայց հոգևոր ժառանգությունը՝ խաչքարերը, անվտանգության նկատառումներով Դադիվանքից տեղափոխվեցին: Տեր Հովհաննեսը վստահ է՝ խաչքարերը Էջմիածնում ժամանակավոր են:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան- Եթե վանդալները եկան էստեղ, կվարվեն այնպես, ինչպես իրենք են ուզում, մենք չենք ուզում կորցնել խաչքարերը, որ 800 տարվա պատմություն ունեն:
Երեք խաչքար Էջմիածին հասավ երկուշաբթի: Հայերի ինքնության ու մշակույթի լուռ վկաները հանգրվանեցին վեհարանի կամարների տակ:
Տեր Վահրամ քահանա Մելիքյան (Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն)- Գլուխգործոցներ են, երբ նայում ես այս խաչքարերին, ակհայտ է, որ ասեղնագործ խաչքարեր են: Վկայությունն են մեր ազգային ժառանգության, հարստության, ստեղծագործական մտքի թռիչքի:
Գործադրված ջանքերի շնորհիվ, եթե Դադիվանքն Արցախի սահմանում մնա, խաչքարերն օր առաջ կվերադարձվեն Քարվաճառ:
Տեր Վահրամ քահանա Մելիքյան- Երբ որ իսկապես հստակ և վերջնական ամրագրումը լինի Դադիվանքի պարագայում, որ պիտի շարունակի իր առաքելությունը Արցախի սահմաններից ներս, խաչքարերը կվերադարձվեն այնտեղ:
Հսկա խաչքարերն Արցախից տեղափոխել են տեխնիկայի օգնությամբ: Ձգող պարանները չեն հանի՝ հույսով՝ շուտ կճանապարհեն Դադիվանք:
Տեր Վահրամ քահանա Մելիքյան- 3-րդ խաչքար էլ ունենք, կողքին՝ հսկայական արձանագրությամբ, հատուկ է գրվել:
Շուշիի Ղազանչեցոցը պղծելուց հետո Երևանը դիմեց միջազգային կառույցներին՝ պահանջելով անհապաղ կանխել վանդալիզմը:
Նարինե Խաչատուրյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար)- Մշակութային ժառանգությունը պաշտպանելու միակ տարբերակը նա է, որ դու այնտեղ ապրես, դա լինի կենսունակ հայրենիք:
Խաչատուրյանի խոսքով՝ արվում է ամեն ինչ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը պաշտպանելու համար: Արցախում անշարժ հուշարձանները մոտ 5000-ն են: Վերջին տարիներին մշակութային ժառանգության մոտ 99 տոկոսը հատ-հատ անձնագրավորվել է:
Նարինե Խաչատուրյան- Եկեք լուռ աշխատենք, վստահ, որ ունեն փաստաթղթերը․ կրկնօրինակները բերված են Հայաստան...գործը արվում է, եկեք շատ բանի մասին չխոսենք:
Արցախի մշակութային ժառանգության վավերագրության գործում մեծ ներդրում է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Հրատարակվել է «Մռավանք» ալբոմը՝ Քարվաճառի հուշարձաններով:
Քարվաճառից վերջերս են վերադարձել, տեղում արձանագրել են հոգևոր-մշակութային կոթողները, նորերը գտել են ու ընդգրկել Արցախի գանձերի ցանկում: