Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի շատ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, ինչպես նաև պայմանավորվածությունում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրանց հարցրել են Փարիզում պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունների թեմաների մասին: «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես երկու (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահողներ, նրանք [Ֆրանսիան] համակարծիք են մեզ հետ: Մենք, ինչպես և նախկինում, այժմ էլ հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի (խաղաղ) գործընթացում որպես համանախագահների դերին»,- ասել են ամերիկացի դիվանագետները:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ճանաչել են Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները, որոնք հանգեցրել են կրակի դադարեցման, որը իրականում պահպանվում է մոտ մեկ շաբաթ: Միաժամանակ, խոստովանել են՝ այս համաձայնագրի պարամետրերի վերաբերյալ Ռուսաստանից հստակություն պահանջող դեռ շատ հարցեր կան, ներառյալ Թուրքիայի դերի մասին (իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ) ստանալու համար»:
«Նրանք երկուսն էլ նշել են, որ Ռուսաստանը համանախագահներին հրավիրել է Մոսկվա՝ ավելի շատ հստակություն մտցնելու համար: Համանախագահների միջև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից: Ըստ ամերիկացի դիվանագետների ՝ Լը Դրիանը Պոմպեոյին պատմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի մասին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործողությունները պետք է իրականացվեն Մինսկի խմբի շրջանակում: Միաժամանակ նա հատկապես նշել է, որ Միացյալ Նահանգները «մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»: