Պետք է լինի արտահերթ նիստ՝ քննարկելու ստորագրված հայտարարությունը: Էդմոն Մարուքյանի առաջարկին ի պատասխան Լենա Նազարյանը հիշեցրեց՝ արտահերթ անցկացնելու հարցով եղել է խորհրդի նիստ, քվորում չի ապահովվել:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - «Իմ քայլը» դաշինքը էն ժամանակ չի եկել, բայց հիմա եկել են, հիմա կարող ենք քննարկել:
Ինչու «Իմ քայլը» չի ցանկանում քննարկել Սյունիքով անցնող՝ Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի հարցը: Ո՛վ է կառուցելու, ի՛նչ պայմաններում: Մարուքյանը պնդեց՝ քննարկել նաև հրադադարից հետո մարդկանց գերի վերցնելու խնդիրը:
Լենա Նազարյան (ՀՀ ԱԺ փոխխոսնակ) - Էդ հարցերը մենք քննարկում էինք, դուք բացակա էիք, ձեր ասած նախագծից պարզ չէ՝ ի՛նչ պետք է քննարկել:
«Բարգավաճ Հայաստանը» ցանկանում է չեղարկել ռազմական դրությունը, օրակարգ բերել վարչապետի հրաժարականի հարցը: Իրավիճակի ելքերը, կարծում են՝ անհրաժեշտ է քննարկել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:
Միքայել Մելքումյան («Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր) - 12000-ից մնացել ա 2.7 քմ, 100 տարվա մեջ սա անասելի ցավ ա ժողովրդի համար, բայց, Նիկոլ Փաշինյան, դու պետք է անմիջապես հեռանաս, պարտված ղեկավարը չի կարա բանակցություններ վարի:
Իշխանությունը պատասխանատու է արածի և չարածի համար: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը պնդում է՝ պետք է լինեն նոր մարդիկ՝ նոր գաղափարներով: Պետք է սկսել քննարկումներ՝ հասկանալու ապագայի վտանգները, տարածաշրջանում պատերազմ ամեն պահի կարող է լինել:
Կարեն Սիմոնյան («Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Այն իշխանությունը, որը կրել է պարտություն, չի կարող կերտել նոր հաղթանակներ:
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ զինադադարից հետո անհետ կորած 10 քաղաքացու կյանքի իրավունքի ապահովման համար: Արդեն ամբիոնից Մարուքյանը կոչ է անում՝ խորհրդարանը պետք է քննարկի հայտարարության կետերը: Առաջարկեց իմ քայլականներին՝ հավաքվել, քննարկել հայտարարության կետերն ու դրանից բխող հետևանքները:
Էդմոն Մարուքյան - Խորհրդարանը կարող է հայտարարություն ընդունել, որն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան ստորագրված փաստաթուղթը: Եվ դրանից հետո պրոցես սկսել, խորհրդարանական երկիր ա, մենք չենք, չէ՞, խախտել:
Ըստ «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանի՝ պատերազմի ժամանակ չի եղել պահ, երբ հնարավոր էր այն կանգնեցնել ավելի լավ պայմաններով, քան եղավ: Քաղաքացիները հուսահատ են, չեն տեսնում ապագա, այդքանով հանդերձ ԱԺ-ում տեսնում են անբովանդակ խոսակցություն: Ռուբինյանը կոչ արեց աղ չլցնել վերքի վրա: Բոլորի գերխնդիրը պետք է լինի կայունացումը:
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, պատերազմի դադարի մասին է: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց՝ համախմբված լուծումներ գտնել:
Լիլիթ Մակունց («Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Մենք՝ որպես իշխանություն, ունենք մեր մեղքը 2.5 տարվա համար, որպես ազգ ունենք տասնյակ տարիների պատասխանատվություն, այս պահին, երբ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում, նման կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունը:
Մակունցի ելույթին հաջորդեցին ընդդիմադիրների պատասխանները տեղից, ելույթն արդարացում որակեցին՝ համաձայն չեն: «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց, մինչև կրքերը հանդարտվեն: