ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը մասնակցել են Բրազիլիայի, ՌԴ-ի, Հնդկաստանի, Չինաստանի ու ՀԱՀ-ի ղեկավարները, որի ժամանակ բարձրաձայնվել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ երկրներում անկայունությանն ու ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող թեմաներ:
«Սեպտեմբերին, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվեց: Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել օգնելու դադարեցնել մեր երկու բարեկամ պետությունների միջև ռազմական գործողությունները և նրանց խրախուսելու գտնել փոխզիջումային լուծում: Մեր միջնորդությամբ նոյեմբերի 9-ին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կրակի լիովին դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ: Այս ամենն արձանագրվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ:
Կարևոր է, որ նշված պայմանավորվածությունները պահպանվում են: Ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են, իրավիճակը կայունանում է: Այսպիսով՝ պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքերի վրա, որը բխում է թե՛ ադրբեջանցի և թե՛ հայ ժողովուրդների շահերից»,- հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: