Moderna ընկերությունը հայտնել է, որ կորոնավիրուսի իր մշակած փորձարարական պատվաստանյութը 94.5 տոկոս արդյունավետություն է ցույց տվել COVID-19-ի վարակի կանխարգելման գործում՝ հիմնվելով դեղամիջոցի փորձարկման վերջին փուլի տվյալների վրա: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Սա Միացյալ Նահանգներում արդեն երկրորդ ընկերությունն է, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի սպասումները գերազանցած արդյունքների մասին:
Pfizer ընկերության պատվաստանյութի հետ միասին, որը ցույց է տվել ավելի քան 90 տոկոս արդյունավետություն, Միացյալ Նահանգները դեկտեմբերին կարող է ունենալ երկու հաստատված պատվաստանյութ, որոնք մինչև տարեվերջ կարտադրվեն 60 միլիոն չափաբաժնով:
Հաջորդ տարի ԱՄՆ կառավարությունը կարտադրի պատվաստանյութի ավելի քան 1 մլրդ չափաբաժին: Սա ավելին է, քան անհրաժեշտ է երկրի 300 մլն բնակչության համար: