Նոյեմբերի 15-ին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարզիչը շնորհակալություն է հայտնել հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին՝ նշելով, որ տղաները մեծ ծավալի աշխատանք կատարեցին և հիանալի հանդիպում անցկացրին։
«Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և քաջություն Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր մրցավեճում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտեինք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է»,- ասել է Կապառոսը։
Անդրադառնալով Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը՝ մարզիչն ընդգծել է, որ բարդ խաղ է սպասվում:
«Խմբում բոլոր թիմերը իրար հավասար են, մենք հավասար խումբ ենք։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին պատրաստվելու ենք մեծ ցանկությամբ և երազանքով։ Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության։ Ժամանակը քիչ է, Վրաստանից ուղիղ մեկնելու ենք Կիպրոս»,- հավելել է Կապառոսը։