Անվտանգության խորհրդի նիստում մի քանի անգամ քննարկվել է, կատարվել է հաշվարկ, թե ռազմական գործողությունների բռնկման դեպքում մենք ինչ տնտեսական պոտենցիալ ունենք, զենքի ինչ պոտենցիալ ունենք՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
«Ընդհանուր առմամբ մենք իմացել ենք մեր ուժերը և, ինչպես բազմիցս ասել եմ, 2020 թվականի ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավականին հաջող դիմակայել Ադրբեջանին: Նաև հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավելու: Ընդհանրապես շատ ավելի լուրջ հարց է, թե ինչու պատերազմի կանխարգելման գործողություններ չեն կատարվել: Որովհետև պատերազմը կանխարգելելուն ուղղված գործողությունը հետևյալն էր. ՀՀ-ը պետք է համաձայներ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևին:
Ինչպես նախկինում ասել եմ, այն առանձնահատկությամբ, որ այն կետում, երբ Հայաստանի համար որևէ տարբերակ ընդունելի կլինի, հաջորդ կետում արդեն Ադրբեջանն իր դիրքորոշումն ավելի է կոշտացնելու: Դա կարող էր դառնալ նահանջ առանց կանգառի տրամաբանության վերածվող մի գործողություն, ինչը վերջին տարիներին մենք անընդհատ տեսել ենք: Այս իրավիճակում մեր որոշումն ու դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է առավելագույնս կոնսոլիդացնենք ուժերը, որ հարձակմանը դիմակայենք»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է օրակարգում, բայց օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելում ամեն գնով և ամեն ինչի գնով:
Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում է միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Հարց տալու համար հերթագրվել է 31 հոգի: