Պատերազմից կարող էինք խուսափել միայն մեկ տարբերակով. եթե Ադրբեջանին հանձնեինք 7 տարածքները՝ ներառյալ Շուշին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում:
«Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր: Արցախի ՊԲ-ը, ՀՀ կառավարությունն ու զինված ուժերը որոշեցին ընդունել մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին: Ցավոք, դրա ընդունումը Հայաստանին չբերեց այն արդյունքը, որը մենք կցանկանայինք: Բայց նաև այն պատճառով, որ պարտության անխուսափելիության այդ խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում: Այսօր քաղաքական գործիչներ, ովքեր պատերազմի առաջին օրից կոչ էին անում հանձնել տարածքներ պատերազմը կանգնեցնելու գնով, էսօր Կառավարությանը նույն բանի համար մեղադրում են դավաճանության մեջ»,- նշեց վարչապետը:
Պատերազմը շուտ կամ ուշ դադարեցնելու մասով էլ Փաշինյանը նշեց՝ Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս՝ սկզբնական շրջանում:
«Ինչո՞ւ ենք մենք գնացել այս ճանապարհով: Քանի դեռ կար հնարավորություն, թեկուզ տեսական հնարավորություն՝ պաշտպանելու այդ ամեն ինչը, Պաշտպանության բանակը, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել է գնալ մինչև վերջ, և նրանք կռիվ են տվել հերոսաբար մինչև վերջին վայրկյանը: Բայց, ցավոք սրտի, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև վերջին 2.5 տարվա ընթացքում շատ դեպքերում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիների չարվածը»,- նշեց Փաշինյանը: