ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում անդրադարձավ երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան գրառմանը, որ տարբեր մեկաբանությունների տեղիք էր տվել:
«Երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ցույց տվեցին, թե հատկապես լարվածության այս շրջանում ինչպես են մանիպուլյատիվ մեխանիզմները գործում»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն ընթերցեց իր գրառումը՝ նախադասություն առ նախադասություն բացատրելով այն:
«Տեղյակ եք, որ առաջնագծից կամավորներն ու զինվորները տեսնյութեր են ձայնագրում ու աջակցության խոսքեր ասում Կառավարության հասցեին և տալիս որոշ գնահատականներ ու վերլուծություններ: Հաջորդ նախադասությամբ ասում եմ՝ ապշած եմ տղաների խորագիտությունից: Հաջորդը՝ ասում եմ՝ տղերք դուք ճիշտ եք, շատ մեկնաբանությունների հետ ես համաձայնում եմ, սպասում եմ ձեզ Երևանում: Այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազի և բախումների կոչ կա»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կազմակերպելու է հանդիպում սահմանից վերադարձած տղաների հետ:
Հաջորդ նախադասությունը՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը՝ վարչապետը վերլուծեց՝ նշելով, որ երեկ արտահայտությունը պաշտոնական մարմիններ են օգտագործել իրենց հայտարարություններում:
«Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո վերջնականապես կմարեն այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այլն: Ով, եթե ոչ առաջնագծում եղած զինվորը, գիտի այս հարցի պատասխանը: Ի դեպ, առաջնագծից ոչ մեկը Երևան չի վերադառնում զինված: Դրված են հատուկ անցակետեր»,- նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգություններին՝ վարչապետը հիշեցրեց, որ դրանք քաղաքական ուժերի կողմից չարժանացան դատապարտման: Փաշինյանն ընդգծեց՝ նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ը չդատապարտեց այն, այլ դատապարտեցին սահմանին կանգնած տղաները:
«Իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և բացառենք քաղաքացիական բախումները: Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում: Հայաստանի իրավապահ համակարգը ունի բավարար ներուժ նման բան թույլ չտալու համար: Իսկ ինչու այդ ամենը չկանխվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը. շատ պարզ պատճառով՝ ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ Պետական պահպանության ծառայության շատ ստվար զանգված գտնվում էր առաջնագծում»,- նշեց Փաշինյանը: