Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։
«Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին»,- նշել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը։
Արթուր Վանեցյանի գործի վերաբերյալ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1Lurer.am-ին պարզաբանում է ներկայացրել։ Նրա խոսքով՝ դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և դիրքորոշմանը, հետևաբար կնախապատրաստվի վերաքննիչ բողոք։
«Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից հրապարակված ձայնագրությունը մոնտաժված լինելու մասին պաշտպանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ապա ուզում ենք պարզաբանել հետևյալը․
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իբր իր պաշտպանյալի ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում դատախազն ընդունել է, որ բացահայտված հանցագործության մասին իրազեկող պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է` ձայնագրության իսկությունը կասկածի տակ դնելով կամ կեղծված լինելու տպավորություն ստեղծելով։
Պաշտպանը դատական նիստում համեմատել է գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների զննության արձանագրությունը և այդ խոսակցության՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ առկա հատվածը և նշել, որ դատարանին ներկայացված զննության արձանագրությունը պարունակում է ավելի շատ տվյալներ, որոնք խոսակցության ձայնագրության մեջ չկան, հետևաբար՝ կեղծ է։
Դատախազը պարզաբանել է, որ դատարանին ներկայացված զննության արձանագրությունը արտահայտում է խոսակցության ամբողջական բովանդակությունը, իսկ հաղորդագրության մեջ առկա ձայնագրությունն ամբողջական չէ, քանի որ վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության շահերից ելնելով, հնարավոր է համարել հրապարակել խոսակցության մի մասը։
Արդյունքում, պաշտպանը, չկարողանալով դատարանում վիճարկել զննության արձանագրությունը, որոշել է հրապարակայնորեն վիճարկել հրապարակված ձայնագրության իսկությունը։ Այնինչ տիկին Սահակյանի մատնանշած մոնտաժի արդյունքում ոչ թե խեղաթյուրվել է խոսակցության բովանդակությունը կամ, առավել ևս, ավելացվել հատվածներ, այլ դրանում առկա և դատարանին ներկայացված առանձին տվյալներ տեսանյութում չեն հրապարակվել»։