Որևէ կասկած, տարընթերցում չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար, և տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ։
«Ես ինձ նաև հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով, ինչպես նախկինում գործունեության բերումով, պետք է կանգնեմ, եթե մի քիչ սուր ձևակերպենք՝ մեր ժողովրդի դատի առաջ: Բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ՝ պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին։ Խոսակցություն պետք է տեղի ունենա. հենց նույն զինվորներին լսելը, ընդդիմությանը լսելը, Կառավարությանը, բոլորին լսելը այս պրոցեսի շատ կարևոր և անբաժան մասն է:
Ես կարևոր եմ համարում արձանագրելը, թե ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հետևյալը. որ 2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման, մեզնից առաջ հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցն, ըստ էության, մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ։ Եթե նայեք լրատվական դաշտը, շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները, որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, որ ընդհուպ հողեր են հանձնվելու։
Այստեղ կա երեք տարբերակ, որ կա՛մ այդ մարդիկ մարգարե են, կա՛մ մեր կառավարությունը կամ անձամբ ես իրոք դավադիր եմ, որ հատուկ, չարամիտ դավադրությամբ եկել-հասել եմ իշխանության, որ Արցախի համար խնդիրներ ստեղծեմ, և կա երրորդ տարբերակը՝ այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի գործընթացը, և ինչ անխուսափելի պահանջներ ու կոնսենսուս կա դրված ՀՀ-ի առաջ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ պատերազմից առաջ կանգնած ենք եղել մի իրավիճակի առջև, որ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի։ Ասաց՝ մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ՝ փոխելու այդ տրամաբանությունը։ Ըստ վարչապետի՝ գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել, բայց, մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատել՝ ապա ի՞նչ պետք է անեինք:
«Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել։ Փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար։ Փորձել եմ ամեն ինչ անել, որ 2 տարվա ընթացքում մեր զինված ուժերի մարտունակությունը և զինվածության մակարդակն էականորեն բարձրանա, մեծանա։ Եթե այդ համատեքստում նայենք՝ մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ։ Օրինակ, ասում են, որ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մյուս կողմից մեղադրում են, որ մենք ավելի վաղ չենք ստորագրել թուղթ և թղթեր, որ այդ տարածքները հանձնվեն։ Այսինքն՝ մեզ մեղադրում են և՛ հանձնելու մեջ, և՛ մեղադրում են չհանձնելու մեջ»,- շեշտեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ մեր բանակը, մեր զինված ուժերը կռվել, դիմադրել են այնքան ժամանակ, մինչև այդ դիմադրությունն ունեցել է կոնկրետ նպատակ, իմաստ՝ ռազմավարական և մարտավարական։ Նշեց, որ մյուս կողմից էլ իրենց մեղադրում են, որ պատերազմի ընթացում զոհեր են եղել, որ զոհերից խուսափելու համար և մեր 20-35 հազարանոց խմբավորումը շրջափակումը թույլ չտալու համար գնացել են այդպիսի քայլերի։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ ամենի պատասխանատվությունն իրենն է առաջին հերթին, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար հարկ է համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար։