Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի՝ C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00): Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանոցում:
Նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, GSP մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: