Մայիսի 28-ի շեփորի հաղթական կանչն ու Հադրութի կարոտը հադրութցիները հեռախոսի նկարներում են պահում, հիշում, մխիթարվում, որ մի օր նորից տուն կգնան:
Հայրենի տուն Հադրութը վերադարձնելու, շրջանը ադրբեջանցիներից ապաօկուպացնելու համար Հադրութի բնակիչները Բաղրամյան 26-ում են, նախագահից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել:
Հադրութի պատկերը, Արցախի քարտեզն ու մշակութային հուշարձանները պաստառներին, սրտին մոտ պահած 8-ամյա Արմանը տուն՝ Հադրութ է ուզում վերադառնալ:
Երեխաների կողքին երիտասարդներ ու տարեցներ են: Հուզմունքը կոկորդում, արցունքն աչքերին 80-ամյա կինը հիմա մի երազանք ունի՝ կյանքի մնացած օրերը հայրենի Հադրութում ապրել:
Հադրութի բնակիչներին նախագահի օգնականն է լսում, հետո՝ հանդիպում-քննարկում նախագահ Սարգսյանի հետ: Հանդիպումից վերադառնում, հայտնում են՝ նախագահը խոստացել է օժանդակել սոցիալական, հումանիտար ծրագրերով ինչպես նաև Հադրութի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը բարձրաձայնելով:
Մինչև Հադրութը նորից հադրութցիներինը կլինի, հայրենի բարբառով, մայրենիով ու հնարավոր օտար լեզուներով են հիշեցնում՝ Հադրութը Արցախ է, հադրութցիները Հադրութն են ուզում: