Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 10-ի հրամանի համաձայն՝ Ղարաբաղի տարածքում իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթաց: Հակամարտող կողմերի շփման գծում տեղակայվել են դիտորդական կետեր և ռուսական խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Խաղաղպահ ստորաբաժանումները հսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը դիտորդական 9 կետում` արևմտյան հատվածում և 9 կետում՝ հյուսիսային գոտում: Լաչինի միջանցքում, ճանապարհի երկայնքով, գործում է 7 ժամանակավոր դիտակետ: Հրադադարի պահպանումը վերահսկում ենք շփման գծի ամբողջ երկայնքով: Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունից ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության հսկողության ներքո Լեռնային Ղարաբաղ է եկել 475 փախստական: Նոյեմբերի 14-ից իրենց բնակավայրերն է վերադարձել 725 մարդ, որոնք Ղարաբաղի տարածքը լքել էին ռազմական գործողությունների պատճառով: Պայմանավորվածության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը: Դա իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հսկողության ներքո: Իրականացվում է նաև պայթուցիկ սարքերից և ականներից Լաչինի միջանցքը մաքրելու գործողություն: Այսօր մաքրվել է Ստեփանակերտից Գորիս ճանապարհի մեկ կիլոմետր հատվածը:
Խաղաղապահ ուժերի հրամանատարությունը, տեղի ղեկավարության հետ համաձայնեցված, որոշել է լուծել հոգևոր-կրոնական խնդիրը: Տեղացիների խնդրանքով ռուս խաղաղապահները դիտակետ են տեղադրել Քարվաճառում գործող հին քրիստոնեական եկեղեցու՝ Դադիվանքի մոտ: Խաղաղապահների հետ մշակվում է եկեղեցական համալիր մարդկանց ազատ այցելությունների հարցը:
Ռազմաօդային տրանսպորտի միջոցով շարունակվում է խաղաղապահների, ռազմական տեխնիկայի տեղափոխումը տարածաշրջան: Նոյեմբերի 10-ից կատարվել 140 թռիչք, անցած օրը՝ 20 թռիչք: Ստեփանակերտում տեղակայված է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության շտաբ-կայանը, որը ղեկավարում է խաղաղարար գործողությունները: Ռուսաստանի նախագահի հրամանով պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը: Գործողությունները համաձայնեցվում են տեղի իշխանության հետ: Խաղաղարար առաքելության իրականացման ժամանակ հնարավոր միջադեպերը կանխելու և ռուսական զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար մշտական ուղղակի կապ է հաստատվում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի հետ»,- զեկուցել է զինվորականը: