«Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, ո՞ր դեպքում է, որ որևէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն: Վերջին 2.5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումներն ու քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Արցախի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից:
Բանակցային փաթեթներ եղել են: Այն թուղթ է, որի վրա կարող ես գրել քո լավագույն ցանկությունները նույնիսկ, բայց դրանցից որևէ մեկը իրագործվե՞լ է: Մենք խոսում ենք իրականությա՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին: Ոչ մեկը չի իրագործվել: Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունն Ապրիլյան պատերազմով սպառվել էր: 2016-ի ապրիլից հետո ունեինք երկու հնարավորություն. կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները»,- խորհրդարանում այսօր նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուզում են ասել, որ ինչ-որ իրավիճակում եղել է ավելի լավ բան, և Հայաստանի կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է: Մեկը հասկացա՞վ Ապրիլյան պատերազմն ինչո՞ւ և ի՞նչ պայմանով կանգնեց՝ հարցրեց վարչապետը՝ նշելով, որ ողջունում է քննիչ հանձնաժողով ստեղծելու ցանկությունը ողջունում է:
Քաղաքական ուժերի մեղադրանքներին ի պատասխան՝ վարչապետը հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նշել է, թե ինչպես ու ինչ պայմաններով կարելի կլինի պատերազմը կանգնեցնել: Ըստ Փաշինյանի, սակայն, այդ տարբերակը խորհրդարանում մերժվել է, մինչդեռ հիմա հարցնում են՝ ինչու պատերազմը չի կանգնեցրել:
«Էսօր ասում են դավաճան եք: Դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել: Մեկ զոհերի մեջ են մեղադրում,- ճիշտ են անում, իրավունք ունեն,- մեկ էլ զոհ չտալու մեջ են մեղադրում, ասում են՝ էն 30 հազար զինվորի կյանքը որ փրկել եք, ինչի եք փրկել, թող մի 10 հազար հոգի էլ զոհվեր»,- նշեց Փաշինյանը: