Նաիրա Ավետիսյան - Դիմում ենք, ասում են՝ նկարը տվեք: Նկարը տվել ենք Կարմիր խաչ, նկարը տվել ենք Գենշտաբ, ամեն տեղ գնացել ենք: Ասում են՝ սպասեք:
Զինծառայողների ծնողները դժգոհում են գերիների ու անհետ կորածների հանձնաժողովի պատասխանից: Արդեն 47 օր է՝ իրենց որդիներից լուր չունեն: Անձամբ պաշտպանության նախարարին են ուզում տեսնել:
Նաիրա Ավետիսյան - Ասեք իմանամ՝ ում դիմեմ, եթե ոչ՝ պաշտպանության նախարարին:
Գերիների ու անհետ կորածների հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ ծնողների հետ պարբերաբար են հանդիպում՝ գրեթե ամեն օր: Օրվա ընթացքում հանձնաժողովը ստիպված, որոշ ժամանակով դադարեցրեց աշխատանքը: Թեև հանձնաժողովն աշխատում է առավոտյան իննից երեկոյան ինը, միևնույն է նրանց նկատմամբ եղել են ֆիզիկական սպառնալիքներ, փաստաթղթերի ոչնչացում՝ ասում է հանձնաժողովի նախագահը:
ՊՆ գերիների և անհետ կորածների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյան - Ճնշումները եղել են այնպիսին, որ Կարմի խաչի ներկայացուցիչները վազքով թողել ու փախել են:
Ե՛վ ռուսական կողմը, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ակտիվ աջակցում են հայկական կողմին՝ ասում է հանձնաժողովի նախագահը: Ծնողներից ստացված ամբողջ տեղեկատվությունը Կարմիր խաչի կոմիտեի միջոցով փոխանցում են ադրբեջանական կողմին: Հիմա սպասում են արձագանքի:
Վիտալի Ոսկանյան - Այն տարածքները, որոնք մեզ համար հասանելի չեն, մենք պատրաստ ենք մտնել՝ լինի Ջաբրաիլի տարածք, Ֆիզուլիի հատվածը և Կուբաթլուն:
Այժմ բանակցում են, որ հակառակորդը միայնակ որոնողական աշխատանք չկատարի: Գերիների մասով ևս ակտիվ բանակցություններ են տարվում: Նրանց մեջ են և՛ քաղաքացիներ, և՛ զինվորականներ:
Եթե հանձնաժողովը նույնիսկ տասը րոպեով չաշխատի, գործընթացն առաջ չի գնա: