«Այսօր նախկին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ լալահառաչ ճառեր են ասում Արցախի մասին, Հայաստանի մասին, բայց այդ մարդիկ ունեն միլիոնավոր դոլարների ունեցվածք, և դա հանրահայտ փաստ է: Այդ մարդիկ Հայաստանի և Արցախի մասին որևէ լալահառաչ ելույթ ունենալու իրավունք չունեն, որովհետև այդ նրանց կողմից գողացված միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուտ, և մեր երկրում հիմա համատարած ինստիտուտների պրոբլեմ կա:
Այսօր խոսում ենք դիվանագիտական կարողությունների մասին և ընդհանրապես բոլոր կարողությունների մասին, դրանք պետք է ստեղծվեին ներդրումների արդյունքում, իսկ դրանք տասնյակ տարիներով չեն կատարվել»,- խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հեղափոխությամբ երկրի ղեկը ստանձնած իշխանությունը պարտավորություն էր վերցրել վենդետաներ չանելու, և փորձել են օրենսդրական մեխանիզմներով հանրությունից գողացված միջոցները վերադարձնել:
Հանրային պահանջը կա, բայց չպետք է թույլ տալ, որ այն վենդետայի վերածվի՝ վստահեցրեց Փաշինյանը: Ըստ նրա՝ շուտով կսկսի գործել հարցի լուծման օրենսդրական տարբերակը: