Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ուղերձով:
«Սիրելի հայրենակիցներ,
Վերջին երկու ամիսների ընթացքում մենք ապրել ենք թերևս մեր կյանքի ամենաբարդ օրերը: Հիմա, երբ գտնվում ենք հետպատերազմյան վիճակում, ցավն ավելի հաճախ է հիշեցնում իր գոյության մասին: Պատերազմը շատ խոր և ցավագին հետևանքներ է թողել բոլորիս և հատկապես իրենց որդիներին կորցրած հայրերի և մայրերի վրա: Բայց, այնուամենայնիվ, այս իրավիճակում շատ կարևոր է չկորցնել սառը, սթափ դատողությունը և պահն օգտագործել՝ վերաիմաստավորելու մեր արժեքները:
Նախ, ուզում եմ դատապարտել բռնության բոլոր դրսևորումները. այն չի եղել ու երբեք չի լինի մեր քաղաքական օրակարգում: Բայց, ցավոք, մենք ինքներս չկարողացանք անմասն մնալ դրանից:
Դատապարտում եմ Կառավարության, Ազգային ժողովի շենքերի վրա կատարած հարձակումները, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները, ինչպես նաև հաշվեհարդար տեսնելու բոլոր կոչերը: Այս երևույթները երբեք ու երբեք չպիտի ամրապնդվեն և արմատանան մեր երկրում:
Մենք` հայերս, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ աչքի ենք ընկել մեր միասնականությամբ և մեկս մյուսին օգնելու պատրաստակամությամբ:
Այո ՛, մենք դեռ շատ մեծ վերքեր ունենք, որոնք կբուժվեն միայն, եթե բոլորս համախմբվենք` ի շահ մեր երկրի բարօրության և կայուն ապագայի: Մենք դեռ ունենալու ենք խաղաղ երկինքներ, եթե հենց այս պահին բաց թողնենք բոլոր բացասական լիցքերը, որոնցով հիմա շրջապատված ենք: Բոլորս պիտի համախմբվենք և միասին բուժենք մեր վերքերը»,- ասված է Թորոսյանի ուղերձում: