Բոլոր օղակների գործունեությունը վերլուծվում է, և արվում են հետևություններ՝ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Այսօր չեմ կարծում, թե այդ հնարավորությունն ունենք: Մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը ՀՀ-ում և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը: Առաջին խնդիրը կառավարության այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավորություն կլինի խոսել այլ անելիքների մասին:
Բացառված է, որ ես կոնկրետ որևէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի ազատ, օրինական, արդար, թափանցիկ ձևով իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը: Ես այդպիսի քայլ երբեք չեմ անի, իսկ որ այս պատմության մեջ ժողովուրդը իր խոսքը ասելու հնարավորություն պիտի ունենա, և դրա արտահայտման եզրահանգումը պիտի կասկած չհարուցի որևէ մեկի մոտ և՛ ՀՀ-ում, և՛ դրա սահմանից դուրս, դա աներկբա է: Մենք գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով նախ հանրային կայունությունը, անվտանգությունը և համերաշխությունը»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հանրային համերաշխությունը ապահովելու պայմանը բոլոր քաղաքական ուժերի կողմից բռնության որևէ դրսևորման դատապարտումն է: Բայց նաև հիշեցրեց, որ Հայաստանի իրավապահ համակարգը ի վիճակի է կանխել ցանկացած նման դրսևորում: