Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը դրական է վերաբերվում Հայաստանում հարցվածների 81.5 տոկոսը: Այսօր այսպիսի ցուցանիշ է հրապարակել «Գելլափ» կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը:
Սոցհարցումը հեռախոսով իրականացրել են երկու անգամ. առաջինը՝ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդը՝ նոյեմբերի 13-ին:
Համաձայն ստացված արդյունքների՝ բանակի և ռազմական գործողությունների ընթացքի մասին տրվող պաշտոնական տեղեկատվությանը սկզբում հավատացել է բնակչության գրեթե 94 տոկոսը: Մոտ 49 տոկոսն ասել է, որ ամբողջությամբ ծանոթ է ստորագրված փաստաթղթի բովանդակությանը:
Ինչպե՞ս եք վերաբերվում պատերազմի դադարեցմանն ուղղված համաձայնագրի ստորագրմանը հարցին՝ «ընդհանրապես բացասական» գնահատական է տվել մոտ 28, «լիովին դրական» 23.5 տոկոսը:
Տարբերակների ընտրությամբ՝ քաղաքացիները պատասխանել են նաև «ի՞նչ եք կարծում, որոնք են այս համաձայնագրի ստորագրման հիմնական պատճառները» հարցին:
65.6 տոկոսից ավելին կարծում է, որ դա արվել է Արցախի բնակչության և զինծառողյողների անվտանգության համար, 19.3 տոկոսը նշել է, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն է, 15.9 տոկոսն ասել է, որ դա ՀՀ պարտությունն է դիվանագիտական գործընթացում, 10.9 տոկոսը կարծում է, թե բանակի հետ կապված խնդիր է, 2 տոկոսը՝ նախկին իշխանությունների բացթողում: