Ստեփանակերտից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կարմիր Շուկա բնակավայր հասնելու համար այժմ անհրաժեշտ է անցնել ռուս խաղաղապահների երկու անցակետ: Ճանապարհին՝ մայրաքաղաքից դուրս գալուն պես, բարձունքում հստակ երևում է Շուշին: Ադրբեջանական ուժերն ամրոցն արդեն հասցրել են պատել դրոշներով:
Չնայած հակառակորդի՝ շատ մոտ լինելու փաստին, Արցախում այժմ երկար սպասված անդորր է: Չեն հնչում կրակոցներ նաև Կարմիր Շուկայում, որի մատույցներում պատերազմի դադարից դեռ 10 օր առաջ ընթանում էին թեժ հրետանային և նույնիսկ հրաձգային մարտեր:
Արսեն Ղուլյանը վերջին օրերին առաջին անգամ է այցելում սեփական խանութը: Հարվածի ալիքը կոտրել է ապակիները, վնասել գույքը, սակայն դա հազիվ թե մտահոգվելու հիմնական պատճառն է: Հակառակորդը դիրքավորվել է իրենց բնակավայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հարցին, թե այդ պարագայում որևէ մեկը կվերադառնա՞ Կարմիր Շուկա՝ նա պատասխանում է. «Եթե ստեղ լույսը, գազը, ամեն ինչը կլինի, ժողովուրդը կգան, կապրեն էլի»:
Մի ակնթարթ Արսենի դեմքին ժպիտ է հայտնվում: Պետության օգնությամբ թե առանց դրա՝ գործարարն իր խանութը կբացի, սակայն մեկ պարագայում՝ եթե վերադառնան մարդիկ:
Կարմիր Շուկային գրեթե կից է Թաղավարդ գյուղը: Վերջին օրերին ինտենսիվ մարտեր են ընթացել հենց այստեղ: Արդյունքում կամավորները, գյուղի բնակիչները և կանոնավոր բանակը կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թաղավարդը մասամբ, ինչպես նաև Կարմիր Շուկան մնացել են հայկական ուժերի վերահսկողության ներքո:
Այժմ հայկական ուժերի դիրքերը տեղակայված են Թաղավարդում: Գյուղի տղամարդկանց կողքին հիմա էլ շարունակում են իրենց ծառայությունը ժամկետային զինծառայողները: 18-20 տարեկան տղաներին այս հատվածում հաջողվել է կասեցնել ոչ միայն ադրբեջանական զինված ուժերի, այլև մեծ թվով ահաբեկիչների առաջխաղացումը:
Այժմ տղաները թոթափում են պատերազմի ծանր օրերը և հանգիստ շունչ քաշում, նաև օգտվում հնարավորությունից՝ հարազատներին բարևելու և ասելու, որ ամեն ինչ լավ է:
Կարմիր Շուկայի և Թաղավարդի համար մարտերի կարևորությունը դժվար է գերագնահատել: Այստեղից բացվում է ուղիղ ճանապարհ դեպի Ստեփանակերտ: Այդ իսկ պատճառով տղաներից յուրաքանչյուրի համար ուղղակի նահանջի տեղ չէր մնացել: Անհավանական կամքի ուժի շնորհիվ նրանք կարողացել են պահել բարձունքը: