Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քանի որ մարմինը, Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով, այլևս օգտակար լուծումներ չի կայացնում՝ հաղորդում է le Grand Continent-ը:
«Բազմակողմ համագործակցության շրջանակն այսօր թուլացել է, քանի որ այն արգելափակվում է: Պետք է խոստովանեմ, որ Անվտանգության խորհուրդը այսօր օգտակար լուծումներ չի առաջարկում»,- խոստովանել է Մակրոնը:
Նա հիշեցրել է, որ իր խնդիրներից մեկը Եվրոպայի քաղաքական ուժի ամրապնդումն է: Նրա կարծիքով՝ Եվրոպային ավելի մեծ անկախություն է պետք, այդ թվում՝ պաշտպանության հարցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը մտադիր է պահանջել, որ Աֆրիկան դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Աֆրիկացիների կարծիքով՝ ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող մայրցամաքը պետք է մշտական ներկայացուցչություն ունենա ՄԱԿ-ի այդ կարևոր օղակում:
Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի մշտական գործող կառույց է, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Այն ունի հինգ մշտական անդամ պետություն (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև տասը ժամանակավոր անդամ: