ՌԴ խաղաղապահ ուժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն «Սպուտնիկի» հետ զրույցում պատմել է, որ Դադիվանքի պահպանությունը խաղաղապահները սկսել են իրականացնել տեր Հովհաննեսի օրհնությամբ:
«Նախ աղոթեց մեզ համար, հետո ցույց տվեց այն հատվածը, որտեղ պետք է մնանք, հետո ամբողջ տեղանքը, ծանոթացրեց իրադրության հետ: Այնուհետև տեխնիկան տեղավորելուց հետո սկսեցինք տեղակայել դիտորդական կետերը: Մի կետը Դադիվանքի մուտքի մոտ է, մյուսն անձամբ իմ հսկողության տակ կլինի»,- ներկայացրել է սպան:
Կովալենկոն նշել է, թե սպասում էին, որ այստեղ կլինեն թյուրըմբռնման պահեր: «Սակայն մենք սխալվեցինք, տեղացիները մեզ ընդունեցին շատ սրտաբաց: Դա, ճիշտն ասած, իմ բացահայտումն էր: Մարդիկ այստեղ շատ բարեհոգի են, աշխատում են իրենց օգնությունն առաջարկել տարբեր հարցերում: Մեծամասնությունը բարոյական աջակցություն է ցույց տալիս: Մեր երախտագիտությունը հայտնենք այդ մարդկանց: Երբ եկանք, սկզբում նրանք շատ ճնշված էին, գալիս էին այս վայրին հրաժեշտ տալու, բայց մեզ տեսնելով՝ ոգևորվեցին ու փորձում էին օգնել մեզ, երախտագիտության խոսքեր էին մեզ ուղղում: Շատ հաճելի էր դա լսել: Մեզ տեսնելով՝ նրանց մեջ ինչ-որ հավատ արթնացավ»,- ընդգծել է նա:
Ավագ լեյտենանտը տեղեկացրել է, որ խաղաղապահները պատրաստվում են պայմանավորվածությանը, որն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 25-ին: «Այսօրվանից արդեն աշխատանքն ընթանում է, տեղակայում ենք դիտորդական կետեր, իսկ նոյեմբերի 25-ից հետո կլինեն պլանավորված գործողություններ՝ ադրբեջանական ու հայկական կողմերի հետ համաձայնեցված»,- շարունակել է զինվորականը:
Նա պատմել է, որ զինվորական և մշակույթի պատմություն է սիրում և որևէ վայր մեկնելուց առաջ իր խմբի հետ պատմական, ազգագրական դասընթացներ է անցկացնում: «Իմ զինվորները գիտեն այս երկրամասի պատմության ու հակամարտության նախապատմության մասին: Բայց Դադիվանքը մոտիկից տեսնելուց հետո հասկացանք ու նորովի գնահատեցինք հայ ժողովրդի ազգային արժեքը»,- եզրափակել է ՌԴ խաղաղապահ ուժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն: