«Սեփական կետ ասելով ես նկատի եմ ունեցել, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամակերպվել»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով պաշտոնավարման սկզբում արած հայտարարությունը, թե բանակցությունները սկսում է իր սեփական կետից:
«Ինչ վերաբերում էր նոր կետին, մենք պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որ այսօր մենք ունենք այսօրվա իրավիճակի շուրջ և պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։ Ամենակարևոր խնդիրը՝ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ և կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաև հումանիտար, կոմունիկացիոն հարցերը, տրանսպորտային և այլ հարցերը»,- պարզաբանեց նա:
Փաշինյանը շեշտեց, որ պատերազմից առաջ կանգնած ենք եղել մի իրավիճակի առջև, երբ յոթ շրջաններն առանց նախապայմանների Ադրբեջանին հանձնելու հարցում եղել է միջազգային կոնսենսուս: Վարչապետն ասաց՝ մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ՝ փոխելու այդ տրամաբանությունը։ Ըստ վարչապետի՝ գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել, բայց մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատել՝ ապա ի՞նչ պետք է անեինք: Ասաց, որ ինքը, օրինակ, չէր կարող դրա հետ համակերպվել, և փորձել է ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար։ Նշեց, որ փորձել են ամեն ինչ անել, որ 2 տարվա ընթացքում մեր զինված ուժերի մարտունակությունը և զինվածության մակարդակն էականորեն բարձրանա։