«Այս ընթացքում գոնե երկու անվտանգության խորհրդի նիստ ենք ունեցել, որին մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահը, մեկին՝ Վեհափառ Հայրապետը, նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Նաև հանդիպումներ ենք ունեցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, և քննարկումներ են տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ՝ միտումների մասին նրանք տեղյակ են եղել:
Այո՛, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել: Ինչպես ասացի, եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, շատ սահմանափակ ժամանակում»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե ՀՀ նախագահը, ԱԺ խմբակցություններն ու քաղաքական ուժերը տեղյակ չեն եղել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունից:
Փաշինյանը շեշտեց՝ երկրում ինստիտուտները գործում են և կգործեն: Նա վստահեցրեց՝ այժմ առավել կարևոր է պետության ներսում կայունությունը և հանրային անվտանգությունը լիովին երաշխավորել, և պետք է կենտրոնանալ այդ խնդրի վրա:
«Ե՛վ խորհրդարանը, և՛ հանրապետության նախագահը, և՛ մնացած բոլոր ինստիտուտներն այսօր պետք է գործեն: Եվ մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի անվտանգությունն ու կայունությունն ապահովելուն»,- նշեց վարչապետը: