Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Արցախի ՄԻՊ-ի հետ համագործակցությամբ, նախագիծը հիմնվելու է առաջնային աղբյուրների վրա, որոնք փաստում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները և իրականացված այլ վայրագություններ՝ կատարված Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը ստացած իսլամիստ զինյալների կողմից՝ ընդդեմ հայերի: Նախագծի հարցում աջակցել է Ամերիկայի հայկական համագումարը:
Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Նրանց աջակցել են թուրք զինվորականները և վարձկանները՝ զինված անօդաչուներով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ ուժերով: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն՝ Թուրքիան տեղակայել է 2 հազար իսլամիստ ջիհադիստներ Սիրիայից և Լիբիայից: Վերջիններիս խոստացվել է պարգևատրում հայերին սպանելու համար: Տարբեր հետախուզական ծառայություններ, միջազգային լրատվամիջոցներ նույնպես հաստատել են այն, որ գլխատումների համար ահաբեկիչներին պարգևատրումներ են խոստացվել:
Նշվում է, որ ավելի քան 1400 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվել են, ավելի քանի 100 հազար քաղաքացիներ տեղահանվել են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով: Հայկական եկեղեցիները նույնպես թիրախավորվել են: Կան բազմաթիվ փաստեր, որոնց համաձայն՝ ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորել հայ գերիների նկատմամբ: Ադրբեջանը նաև կիրառել է արգելված զինատեսակներ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հաստատել էր, որ Թուրքիան բոլոր միջոցներով և ամբողջ սրտով կշարունակի մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի հետ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ցանկացած դեմք կամ կազմակերպություն, որը հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է նրանց պաշտպանի առանց սահմանափակումների, հատկապես երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչությունը: