Ամուսնու գերեվարման մասին Ժաննա Ղազարյանն իմացել է Ֆեյսբուքից: Դավիթ Իսահակյանի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 11-ին, ժամը 14։00-ին: 40-ամյա Դավիթը զինծառայող չէ, որպես վարորդ՝ Արցախ է տեղափոխել Մարտունու Գիշի գյուղի 85 և 75-ամյա ամուսինների: Տեղեկանալով, որ հրադադար է, և անվտանգ է Բերձորի ճանապարհը՝ Դավիթը հենց այդ ուղին է ընտրել Արցախի Մարտունի հասնելու համար: Կապը կտրվել է այստեղ՝ Լիսագոր գյուղի հատվածում:
Ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևում են այլ գերիներ ևս, որոնցից մեկը՝ Գևորգ Սուջյանը, նույնպես քաղաքացիական անձ է և հումանիտար բեռ է տեղափոխել Արցախ:
Անհայտ է Արցախի բնակիչներ տարեց ամուսինների ճակատագիրը նույնպես: Գերեվարվածների ընտանիքները դիմել են պատասխանատու պետական գերատեսչություններին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն ընդունել է փաստաթղթերը: Մինչև Դավիթ Իսահակյանի կինը սպասում է արձագանքի, ադրբեջանական սոցիալական հարթակներից հեռացրել են տեսանյութը:
Գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացուն տանը սպասում են 3 անչափահաս երեխաները, կինն ու ծնողները: Հրադադարի հաստատումից օրեր անց էլ ադրբեջանական կողմը մնում է ագրեսիվ և պայմանավորվածությունները չպահող կողմ: Հերթը Հայաստանի, միջնորդների ու խաղաղության պահապանների քայլերինն է:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան