Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիում մրցեց Վրաստանի ընտրանու հետ:
Հանդիպման 33-րդ րոպեին մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը: Ընդամենը 2 րոպե անց Ղազարյանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին տանտերերն ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վալերի Քազեիշվիլին, սակայն 86-րդ րոպեին Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականին հաշվի մեջ կրկին առաջ մղեց: Մեր ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:
5-րդ տուրից հետո C դիվիզիոնի 2-րդ խմբի աղյուսակը 9 միավորով գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն այսօր սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել էր Էստոնիային: Հայաստանի հավաքականը վաստակել է 8, Վրաստանի ընտրանին՝ 6 միավոր. Էստոնիան՝ 2:
Վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 18-ին: Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, վրացիները սեփական հարկի տակ կմրցեն էստոնացիների հետ: