Լուսանկար՝ պատմության համար․ վերջին անգամ՝ ազատ Արցախի ցուցանակի հետնապատկերին։ Ժպտալ չի ստացվում։ Մոտենում է Քարվաճառն Ադրբեջանին հանձնելու չարաբաստիկ ժամը։ Հետհաշվարկը սկսված էր։ Որբացող Քարվաճառը մեկ առ մեկ բաց էր թողնում հոգով ու արմատներով իրենից կառչած բնակիչներին։ Տարիների ստեղծածը մարդիկ քանդում, հողին էին հավասարեցնում․ որը տեղափոխելու էր՝ տեղափոխում էին, մնացածը՝ կրակին տալիս, որ թուրքի ձեռքը չընկնի։
Արմեն Պետրոսյան (Դադիվանք համայնքի բնակիչ)- Տանենք, եթե մեկը չունենա, կտանք իրեն կամ՝ քոլիկ կսարքենք, կմնանք մեջը։
Գյուղերից հանում են այն, ինչ ստեղծել են ամբողջ կյանքի ընթացքում։ Ոմանք նույնիսկ տապանաքարերն էին տեղափոխում․․․ Հրաշքով կենդանի մնացած անասուններին տերերը Քարվաճառից ոտքով Վարդենիս էին հասցնում։
Տունն ու ինչքը՝ ոչինչ, մարդիկ ցավում են վանքերի ու գերեզմանների համար, որ ստիպված են թողնել բարբարոսին։ Դարերով մշակույթ ենք կերտել, որ մի քանի օրում կորցնե՞նք՝ անհանգստանում է դիրքերից իջած Գուրգենը։
Գուրգեն Գրիգորյան (Դադիվանք համայնքի բնակիչ)- Մենք չենք խոսում, քարերն են խոսում, թող աշխարհն իմանա, որ ունենք վկայություններ, թուրքերն ինչ ունեն, որևէ նշան կա՞, որ սա եղել է ազերիներինը։
Գյուղերն ամայացել էին, իսկ Դադիվանք վանական համալիրը՝ լցվել ուխտավորներով։ Մարդիկ գալիս էին նույնիսկ արտասահմանում ապրող իրենց բարեկամների անունից խնկարկելու, մոմ վառելու։ Գալիս էին ընտանիքիներով՝ երեխաներին մկրտելու, օրհնություն ստանալու, ոմանք էլ՝ դարձյալ վերադառնալու հույսով։
Գրիգոր Ջանիկյան (գրող, հրապարակախոս)- Ես հրաժեշտի չեմ եկել, ես հավատում եմ մեր կամքին ու ոգուն, եկել եմ, որ հավատացնեմ իմ ժողովրդին, որ հավերժ ենք։
Գերեվարված սրբավայրը խաղաղապահների հսկողության տակ է․ փոքր-ինչ սփոփող փաստը հավատացյալներին հույս է տալիս, որ վանդալները հեռու կմնան հոգևոր արժեքներից:
Գայանե Հարությունյան- Մենք բոլորս մեղավոր ենք․ մի քիչ պակաս ուտեինք, պակաս պալատներ կառուցեինք, սպառազինվեինք․․աշխարհն էլ հասկանա, որ ստեղ մարդիկ են ապրում։
Դադիվանքի մշակութային ժառանգությունը տեղափոխվում է Մայր աթոռ: Ժամանակավոր է՝ ասում է խաչքարերը տեղափոխելու եկած երևանցի խաչքարագործը։
Համբիկ (խաչքարագործ)- Էն պայմանով, որ կունենանք նորից էս վանքն ու տարածքները, քեֆ-ուրախությամբ կբերենք, կտեղադրենք։
Հովհաննես քահանայի աչքերում ժպիտ է հայտնվել։ Չհուսահատվելու և չկոտրվելու խորհուրդ տվեց։
Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ)- Լավ ապագա ենք ունենալու, հզոր ժողովուրդ ենք, պետք է միասնական հաղթենք, ոչ թե մեկը մեկի վրա մեղք բարդի... Վստահաբար ասում եմ՝շուտով գալու ենք մեր տեղը։
Իսկ աղավնին, որ ամբողջ ընթացքում չէր լքում Դադիվանքի գավիթը, ուխտավորների համոզմամբ՝ խաղաղության ավետիս էր բերել։